ԵՊՀ-ի զարգացման գործում Արամ Սիմոնյանը մեծ վաստակ է ունեցել. բուհը ցավակցել է

Արամ Սիմոնյանը ԵՊՀ–ում. Արխիվային լուսանկար
Արամ Սիմոնյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ԵՊՀ–ն իր ցավակցությունն է հայտնել նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի մահվան կապակցությամբ։
Հայտնել էինք, որ այսօր 67 տարեկանում կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը:
«Անդառնալի կորստի համար Երևանի պետական համալսարանը ցավակցում է Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին՝ ցանկանալով համբերություն ու տոկունություն։ Մեծ է եղել Արամ Սիմոնյանի վաստակը Երևանի պետական համալսարանի զարգացման գործում: 2006-2019 թվականների ընթացքում Արամ Սիմոնյանը, լինելով ԵՊՀ ռեկտոր, հիմք է դրել մի շարք երկրների գիտակրթական կենտրոնների հետ համալսարանի համագործակցությանը»,–ասված է մայր բուհի հաղորդագրության մեջ։
ԵՊՀ–ն հայտնում է, որ Սիմոնյանը ծավալել է հասարակական-գիտական լայն գործունեություն՝ նպաստելով հայագիտության զարգացմանը: Արամ Սիմոնյանը պատմագետ էր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ: Հեղինակել է բազմաթիվ գիտական աշխատություններ, որոնցում մանրամասնորեն ուսումնասիրել է հայ ժողովրդի՝ XIX դարի երկրորդ կեսի և XX դարասկզբի պատմության հիմնահարցերը:
Սիմոնյանն արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում՝ «Մովսես Խորենացի» մեդալի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալի, Ղազախստանի և Թուրքմենստանի պետական պարգևների:
Արամ Սիմոնյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով: