ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հարազատները չեն համաձայնելու նրա մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը։ Նման հայտարարություն են տարածել Արամ Սիմոնյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը։
Հայտնել էինք, որ այսօր 67 տարեկանում կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը:
«Պայքարը շարունակվելու է մինչև վերջ, մինչև Արամ Սիմոնյանի անմեղությունը հաստատող ակտի կայացում»,–հայտնում են փաստաբանները։
Նրանց խոսքով` Արամ Սիմոնյանն այդպես էլ հրաժարվել է հասկանալ, որ մարդուն կարելի է հանիրավի մեղադրել, կարելի է պատվերով քննություն նախաձեռնել։
Հիշեցնենք, որ դեռ 2020-ի սեպտեմբերին քննչական կոմիտեն հայտնել էր, թե Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար: Սիմոնյանը, ըստ իրավապահների, առանց ծառայությունների մատուցման` «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ֆինանսական միջոցներից վատնել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 34 մլն դրամ: