ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Արցախում առաջին անգամ Պուշկինյան փառատոն է անցկացվել: Ինչպես հայտնում է Արցախի ԿԳՄՍ նախարարությունը, միջոցառումը տեղի է ունեցել երեկ` հունիսի 6-ին, Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի դահլիճում։
«Հունիսի 6-ը՝ Ա. Պուշկինի ծննդյան օրը, հռչակվել է որպես ռուսաց լեզվի միջազգային օր, իսկ Ռուսաստանի Դաշնությունում այն նշվում է որպես Պուշկինի օր: Որոշեցինք Արցախում օրը նշանավորել Պուշկինյան փառատոնով: Նպատակ ունենք այն դարձնել շարունակական»,- նշել է ԱՀ նախագահի աշխատակազմի ռուսաց լեզվի հարցերի բաժնի վարիչ Սեյրան Կարապետյանը:
Արցախի ԿԳՄՍ նախարարությունը հավելում է, որ կազմակերպիչների համար սկզբունքային էր Շուշիի ու Հադրութի դպրոցների աշակերտների մասնակցությունը փառատոնին: Նրանք, ինչպես նաև Ստեփանակերտի դպրոցականները Պուշկինի հանրահայտ ու սիրված ստեղծագործություններն են ներկայացրել։
Փառատոնի բոլոր մասնակիցները կազմակերպիչների կողմից արժանացել են պատվոգրերի ու նվերների:
Միջոցառմանը ներկա է եղել ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը: Փառատոնի հատուկ հյուրերից էին ԵՊՀ դոցենտ Լիլիթ Զոլյանը և «Բարության ճանապարհ» ՀԿ նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին:
Պուշկինյան փառատոնը նախաձեռնել էր ԱՀ նախագահի աշխատակազմի ռուսաց լեզվի հարցերի բաժնինը` ԱՀ ԿԳՄՍ նախարարության ու ռուսական համայնքի աջակցությամբ: