Արմենուհի Մխոյան , Sputnik Արմենիա
Դիզայներ, նկարչուհի Վիկտորյա Բերեզնիցկայան ավելի քան երկու ամիս է` ընտանիքի հետ Հայաստանում է: Ե՛վ առաջին, և՛ հաջորդ ու երկարաժամկետ այցերի ժամանակ այնքան ոգեշնչվեց Հայաստանի բնությամբ ու ճարտարապետությամբ, որ կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի Գյումրու Մերկուրովի տուն-թանգարանի նախամուտքում բացի «Գյումրիի տրամադրություն» խորագրով անհատական ցուցահանդեսը։
Վիկտորյա Բերեզնիցկայայի ցուցահանդեսի պաստառը Գյումրիում
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Առաջին անգամ համավարակի ժամանակ պատահական հայտնվեցի Հայաստանում. Դիլիջանի կողմերում էի: Լեռները, դաշտերը, բնությունը հրաշալի էին: Մի քանի եկեղեցի այցելեցինք: Այս անգամ մեծ հաճույքով եկա Հայաստան՝ արդեն իմանալով՝ ուր եմ գալիս»,- Sputnik Արմենիային պատմում է նկարչուհին։ Վիկտորյան բնությունից շատ՝ մարդկանց վերաբերմունքով է հիացած:
Ասում է` Հայաստանի եղանակը միշտ համահունչ է իր տրամադրությանը, իսկ Գյումրին նախընտրել է որպես հանգիստ ու մատչելի քաղաք՝ մեծ քաղաքների համեմատ:
Վիկտորյա Բերեզնիցկայայի նկարներից
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Մինչ որդիները համակերպվում են նոր քաղաքին, մայրը փորձում է կտավին հանձնել այն գեղեցիկն ու հետաքրքիրը, ինչ տեսնում է մշակութային քաղաքում: «Գյումրիի ճարտարապետությունը յուրահատուկ է, դռների մասին խոսքեր չեմ գտնում: Գիտեմ, որ Գյումրիում շատ խնդիրներ կան, բայց ես դեռ դրանց չեմ բախվել ու հաճույք եմ ստանում այս քաղաքից»,- ասում է Վիկտորյան։
Վիկտորյա Բերեզնիցկայայի նկարները
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրին նմանեցնելով եվրոպական փոքր քաղաքներին` այն նաև հակադրության քաղաք է համարում. գեղեցիկ` սրճարաններով լի կենտրոն, բայց զուգահեռ իրականության մեջ նաև` դեռ տնակներում ապրող մարդիկ։ «Հայաստանում ինձ այնքան լավ ընդունեցին, որ ես սիրեցի այս երկիրը: Մեր միջև փոխադարձ սեր է»,- ժպտում է Վիկտորյան` փորձելով ամբողջացնել դերասան Մհեր Մկրտչյանի նկարը:
Նկարչուհին միայն Գյումրիի տեսարժան վայրերը չի պատկերում՝ նրա վրձնի տակ կենդանանում են նաև համեղ պոնչիկները, տնակները, ծառերը։ Ռուս նկարչուհին նկարում է նաև հայտնի հայերին. ուզում է գեղեցիկ շարք պատրաստել:
Վիկտորյա Բերեզնիցկայայի նկարները
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Վիկտորյան ֆրիլանսեր է ու կարող է աշխատել ցանկացած վայրից, որդին էլ դպրոց հեռավար է հաճախում, ամուսինը փորձում է իր գործը Հայաստանում շարունակել: Ինչքան են մնալու, իրենց բնորոշմամբ՝ այս արևոտ երկրում, դեռ հայտնի չէ, բայց ամեն օր նկարչուհին ավելի է կապվում Գյումրիին ու գյումրեցիներին:Երիտասարդ արվեստագետի մոտ մշակութային քաղաքում մշակութային կյանքը հարստացնելու շատ նոր գաղափարներ կան:
Վիկտորյա Բերեզնիցկայան Գյումրիում
© Sputnik / Armenuhi Mkhoyan