«Խաղադրույքներն ավելացել են»․ ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտածել են, թե ինչպես են գնելու ռուսական նավթը

«Վլադիմիր Մոնոմախ» տանկերը. Արխիվային լուսանկար
Այն մասին, թե ինչպես են Արևմուտքում շարունակում ռուսական նավթ գնել՝ պաշտոնապես այդ նավթից հրաժարվելուց հետո, բացատրում է Նատալյա Դեմբինսկայան, ՌԻԱ Նովոստի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Վաշինգտոնն ու Բրյուսելը հրաժարվում են ռուսական նավթից, բայց շարունակում են այն գնել։ Եվրոպացիները վաղուց արդեն ստանում են «լատվիական խառնուրդը»։ Իսկ հիմա ամերիկյան ընկերությունները ևս շրջանցիկ ճանապարհներ են օգտագործում։ Թրեյդերները հաջողությամբ թաքցնում են ածխաջրածինների ծագումը՝ «հանուն մատակարարումների պահպանման», իսկ հայրենական արտադրողները «մի քայլ առաջ են մնում պատժամիջոցներից»։

Աշխատանքային սխեմաներ

ԱՄՆ-ում ապրիլից գործում է ածխաջրածինների ներկրման արգելքը։ Բայց մայիսին Նյու-Յորքի և Նյու Ջերսիի նավահանգիստներ տանկերներ են ժամանել, ենթադրաբար՝ ռուսական նավթով բեռնված։
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, բեռնառաքողներն ու վերամշակողները թաքցնում են դրա ծագումը, բայց մատակարարում են համաշխարհային շուկա։ Այսպես, Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգները վառելիք են ստացել, որը մասամբ պատրաստված է ռուսական հումքից։
Այն ԱՄՆ է հասել Սուեզի ջրանցքով և Ատլանտյան օվկիանոսով՝ հնդկական նավթամշակող գործարաններից։ Ըստ առաքման փաստաթղթերի, Refinitiv վերլուծական ընկերության տվյալների և Հելսինկիի էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի վերլուծության՝ այդ ընկերությունները ռուսական ածխաջրածինների խոշոր գնորդներ են:
Շրջանցիկ ճանապարհներով վառելիքն արդեն նաև Եվրոպա է գնում։ Այսպես, դեռևս ապրիլին Bloomberg-ը հայտնել էր, թե ինչպես են եվրոպական ձեռնարկությունները հաղթահարում սահմանափակումները. թրեյդերները, այսպես կոչված, «լատվիական խառնուրդ» են վաճառում՝ նավթի տարբեր տեսակներից, որտեղ ռուսական նավթը 50 տոկոսից պակաս է։ Նրանց խոսքով՝ Shell-ը դա պատժամիջոցների խախտում չի համարում։

Հնդկաստանն է միացել

Հիմա ավելացել է նաև «հնդկական ռուսական» նավթը։ Ապրիլին Ասիան առաջին անգամ գերազանցեց Եվրոպային Ռուսաստանի ածխաջրածինների գնումների ծավալով։ Հատկապես մեծ գնում է կատարել Հնդկաստանը․ փետրվարի սկզբից մինչև հիմա մոտ 62,5 միլիոն բարել՝ երեք անգամ ավելի շատ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Միաժամանակ գարնան սկզբից ի վեր Հնդկաստանից Եվրոպա նավթամթերքի մատակարարումներն աճել են 30 տոկոսով, Հնդկաստանից ԱՄՆ՝ 43 տոկոսով: Այսպիսով, Ռուսաստանից դիսկոնտով (զեղչով) հումք ստանալով (հիմա դա մոտ 20 տոկոս է, Urals-ը վաճառվում է բարելի դիմաց 89-92 դոլարով), Հնդկաստանը վերավաճառքով վատ չի վաստակում:
Հնդկաստանում ռեսուրսների հիմնական գնորդները մասնավոր նավթավերամշակողներն են (պետականները սովորաբար տարեկան պայմանագրերով են ձեռք բերում)։ NDTV հեռուստաալիքը նշում է․ մինչ արևմտյան ընկերությունները խուսափում են ռուսական նավթից, հնդկական նավթավերամշակող գործարանները, օրինակ՝ Reliance Industries-ն ու Nayara Energy-ն այս տարի խոշորագույն ներկրող են դարձել։
Վերամշակողները չեն թաքցնում, որ մեծ շահույթ են ստանում ներքին վաճառքների կրճատման և վառելիքի արտահանման (այդ թվում՝ Եվրոպա) ագրեսիվ ավելացման հաշվին։ «Մենք հասնում ենք բարելի դիմաց ավելի քան 30 դոլարի շահութաբերության»,—մեջբերում է հեռուստաալիքը գործարաններից մեկի ներկայացուցչի խոսքը:

Կարող ենք մեզ թույլ տալ

Ասիացիներն, ըստ էության, օգտվեցին իրավիճակից․ ցածր գնով նավթ ամբարեցին ու շահավետ վերավաճառեցին։ Սակայն Ռուսաստանն այստեղ ոչինչ չի կորցնում։ Նավթը պետք է իրացնել, հակառակ դեպքում հարկ կլինի նվազեցնել արդյունահանումը։ Իսկ դա հղի է նավթահորերի սառեցմամբ՝ դրանց հետագա ապակոնսերվացումով, ինչը հսկայական ծախս է։
Ավելին, ռեկորդային գնանշումների ֆոնին էներգառեսուրսների արտահանումից եկամուտներն աճել են մեկուկես անգամ։ Նավթն ու գազն ապրիլին բերել են1,8 տրիլիոն ռուբլի(մարտին ՝1,2)։ Այսպիսով, հունվար-ապրիլի ընթացքում դաշնային բյուջեն արդեն ստացել է 2022-ի համար նախատեսված 9,5 տրիլիոն ռուբլու կեսը:
«Գները հիմա այնքան բարձր են, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ թե՛ զեղչեր, թե՛ «շրջանցիկ արտահանում»։ Բացի այդ, արժեքը շարունակելուէ աճել։ Առաջին հերթին տանկերների լուրջ պակասի պատճառով։ Որտեղի՞ց է հիմա Արևմուտքը նավթ գնելու։ Մնացել են Լատինական Ամերիկան, Աֆրիկան և Մերձավոր Արևելքը։ Սակայն այնտեղից ածխաջրածինները միայն ծովով են դուրս բերում՝ տանկերներով։ Հիմա նավերի ֆրախտի (բեռնափոխադրումների վարձավճար) գներն աճել են50 տոկոսով՝ հասելով վերջին տասը տարվա ընթացքում ռեկորդային մակարդակի»,-նշում է անկախ արդյունաբերական փորձագետ Լեոնիդ Խազանովը։

«Ռուսական հետքը»

Սակայն որոշ դիտորդներ ուշադրություն են դարձնում այն բանին, որ հնդկական մատակարարումները վտանգված են։ Դելին շատ նավթամթերք է արտահանում, այդ թվում՝ բենզին։ Սակայն, ինչպես գրում է հնդկական The Economic Times-ը, քանի որ Ավստրալիան, ԱՄՆ-ն և Եվրոպան Ռուսաստանից վառելիքի գնման արգելքներ են սահմանում, պատժամիջոցների տակ կարող են հայտնվել նաև նավթամթերքները, որոնք արտադրում են այլ երկրները՝ ռուսական նավթից:
Առնվազն արեւմտյան պետությունները կսկսեն հնդիկ արտահանողներից հումքի ծագման մասին մանրամասն հաշվետվություն պահանջել։ Սակայն փորձագետները վստահ են, որ «ռուսական հետքը» գտնելը չափազանց դժվար է։
Գոդոյին սպասելիս. ռուսական նավթը խորացնում է տարաձայնությունները Եվրոպայում
«Փաստաթղթերը կարելի է այնպես կազմել, որ ոչինչ պարզել հնարավոր չլինի։ Ամենապարզ եղանակը՝ ռուսական ESPO-ն լցնում ենք տանկերների մեջ, մոտենում են հնդկական նավին, որտեղ արդեն նավթ կա Մերձավոր Արևելքից։ Լցնում ենք որոշակի հարաբերակցությամբ․ սաուդական նավթ՝ 70 տոկոս, իսկ մերը՝ 30: Եվ այս խառնուրդը ուղարկում ենք Հնդկաստան: Փորձիր, ստուգիր»,-ասում է Խազանովը։
Մեկ այլ պահ էլ կա․ Եվրոպան ունակ չէ մի ժամում անցնել այլ տարածաշրջանների ածխաջրածինների․ անհրաժեշտ է վերակառուցել նավթավերամշակող գործարանները, ինչի համար երկուսից չորս տարի պետք կլինի։ Այդ ընթացքում կարող է այնքան դաժան վառելիքային դեֆիցիտ առաջանալ, որ ԵՄ տնտեսությունը պարզապես կփլուզվի։ Այդ պատճառով էլ եվրոպացիները ստիպված կլինեն աչք փակել այն բանի վրա, թե դա ինչ խառնուրդ է և որտեղից է հայտնվել։ Ավելին՝ հավանականություն կա, որ պետք կլինի ավելացնել Ռուսաստանից նավթամթերքի մատակարարումները։

Շատ բան եք ուզում

Իսկ առայժմ Եվրամիությունը նախկինի պես հայտարարում է ռուսական նավթի արգելման մասին, իսկ տարեվերջին հույս ունի հրաժարվել ներմուծման գրեթե 90 տոկոսից: Այս ֆոնին անսպասելի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նրա խոսքով՝ Արևմուտքում քննարկում են շուկայականից ցածր գնով ռուսական հումքի գնման հնարավորությունը։
«Մենք խնդիր ունենք, որը երևում է հիմա, երբ Եվրոպան որոշում է, որ էլ ավելի է սահմանափակելու ռուսական նավթի գնումները։ Ակտիվ քննարկումներ են ընթանում, թե ինչ կարելի է անել, գուցե նույնիսկ գնել նավթը, բայց՝ ցածր գնով»,-ասել է նա։
Կրեմլում արդեն բացատրել են․ այդպիսի հույսեր փայփայել չարժե։
«Բանն այն է, որ այնտեղ, միևնույն է, լոգիստիկ խնդիրները շարունակվում են, ինչը հանգեցնում է համաշխարհային էներգետիկ շուկայի ապակայունացմանը։ Բայց, իհարկե, Ռուսաստանը վնասով ոչինչ չի վաճառի։ Եթե ինչ-որ տեղ պահանջարկը նվազում է, ինչ-որ տեղ այն աճում է։ Տեղի է ունենում հոսքերի վերակողմնորոշում»,-հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարար Գի Պարմելենը արդեն կասկած է հայտնել, Եվրոպան ինչ-որ ուրիշ տեղից նավթ կգնի։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սահմանվել էին Ուկրաինայում մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման նպատակով, սակայն մինչ օրս արդյունք չկա, խոստովանել Է նա Blick պարբերականին տված հարցազրույցում: Ընդ որում՝ քաղաքական գործիչը նոր սահմանափակումների պատճառով էներգակիրների գների աճի ևս մեկ փուլ է կանխատեսել: Նրա խոսքով՝ Եվրոպան, իհարկե, կփորձի մատակարարումների այլ աղբյուրներ գտնել, բայց «ոչ ոք այս պահին պատրաստի լուծում չունի»: