ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ջրծաղիկի սեզոնային ակտիվությունը Հայաստանի համար նորմայի սահմաններում է։ Այսօր ԱԺ–ում, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք որևէ շեղում չենք տեսնում»,– ասաց Ավանեսյանը` հավելելով, որ 2020թ–ին վարակիչ հիվանդությունների, այդ թվում` ջրծաղիկի կտրուկ անկում էր արձանագրվել։ Այժմ վարակի տարածվածությունը վերադառնում է նախաքովիդյան վիճակի։
Հիվանդության տարածումը կանխելու տարբերակը, ըստ նախարարի, պատվաստումն է, բայց ջրծաղիկի դեմ պատվաստումը ՀՀ–ում ազգային ծրագրում ներառված չէ։
«Մենք մինչև Covid-ը հաշվարկներ իրականացրել էինք առաջնահերթ մեր զինակոչիկների շրջանում պատվաստումների ծրագիրը ներդնելու, և, իհարկե, երեխաների համար այդ հնարավորությունը ստեղծելու համար։ Մենք անպայման պիտի վերադառնանք այդ ծրագրին, ու, իհարկե, ջրծաղիկի դեմ պատվաստանյութն էլ ևս ընդգրկենք մեր ազգային ծրագրով իրականացվող պատվաստումների մեջ»,– ասաց Ավանեսյանը։
Նախարարը շեշտեց, որ ջրծաղիկով վարակվելու դեպքում, որպես կանոն, մարդու մոտ իմունիտետ է առաջանում այդ հիվանդության նկատմամբ, ինչը, սակայն, երաշխիք չէ կրկնավարակի հնարավոր առաջացման համար։ Ընդ որում, հիվանդությունը վաղ հասակում թեթև ընթացք է ունենում, իսկ մեծ տարիքում ու խրոնիկ հիվանդությունների դեպքում` բավական ծանր։
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ Հայաստանում մայիս ամսվա ընթացքում գրանցվել է ջրծաղիկի շուրջ 2000 դեպք:
Վարակվածների 88,2 տոկոսը 0-18 տարեկաններն են: