Տոնոյանը և Դավթյանն ամբաստանյալի աթոռին են. 1-ին անգամ նախկին նախարարի գործով նիստը բաց է

Դավիթ Տոնոյանը` դատական նիստին
Դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարարի պաշտպանների միջնորդությունը։ Անցած տարվանից ի վեր առաջին անգամ լրագրողներին հաջողվել է լուսանկարել և տեսանկարահանել նախկին բարձրաստիճան զինվորականների դատավարությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Առաջին անգամ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով նիստը, որով անցնում են նաև Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը և նրա տեղակալ Ստեփան Գալստյանը, ընթանում է բաց ռեժիմով։
Ամբողջ ընթացքում դատական նիստերը տեղի են ունեցել փակ ռեժիմով՝ առանց մամուլի ներկայության։
Ավելի վաղ Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը միջնորդություն էր ներկայացրել։ Նրանք ներկայացված մեղադրանքներն անհիմն են համարում և հայտնել են, որ այդ մասին վկայող փաստաթղթեր կներկայացնեն դատարան։ Փաստաթղթերը, ըստ նրանց, գաղտնի տեղեկություններ չեն պարունակում և չեն վտանգի ազգային անվտանգությունը։
Հիշեցնենք` 2021–ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Արտակ Դավթյանը` դատավարությանը
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: