ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ-ն «ստոպ ցուցակում» ներառել է ԱՄՆ-ի ևս 61 քաղաքացու, այդ թվում՝ ֆինանսների և էներգետիկայի նախարարներին։ Այս մասին ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ ամերիկացիների դեմ անհատական պատժամիջոցների ընդլայնումը պատասխան միջոց է այն սահմանափակումներին, որոնք ԱՄՆ-ն պարբերաբար կիրառում է ռուսաստանցի քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ:
««Ստոպ-ցուցակում» ներառվում է ԱՄՆ 61 քաղաքացի՝ ռազմարդյունաբերական համալիրի առաջատար կորպորացիաների, մեդիա հարթակների և վարկանիշային գործակալությունների, ավիա և նավաշինական ընկերությունների ղեկավարների, ինչպես նաև ԱՄՆ-ի պետդեպարտամենտի առանձին պաշտոնյաների թվից, որոնք առնչություն ունեն «չարամիտ» ռուսական կիբեռգրոհների մասին տեղեկատվական «լցոնումների» հետ,- ասված է հայտարարության մեջ:
Հրապարակված ցանկում են նաև էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրենհոլմը, ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը, ինչպես նաև Fitch Group ընկերության նախագահ Փոլ Թեյլորը և Moody's ընկերության ավագ գործադիր տնօրեն Ռոբ Ֆաուսերը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 103-րդ օրը։