Մեզ համար հատուկ կարևորություն է ունեցել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում. Արխիվային լուսանկար
ՀՀ արտգործնախարարը ներկայացրեց 2021-ի` նախարարության գերակա ուղղությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը 2021-ին շարունակել են մնալ ՀՀ–ի և Արցախի անվտանգության ապահովումը, ԼՂ հարցի քաղաքական կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Բյուջե-2021-ի կատարողականի քննարկումների ժամանակ հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` ներկայացնելով ԱԳՆ–ի նախորդ տարվա առաջնահերթությունները։
«Քննարկումների ձևաչափի առումով մեզ համար հատուկ կարևորություն է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը»,–ասաց Միրզոյանն ու հավելեց, որ ԵԱՀԿ պետությունների մեծամասնության կողմից ընդգծվել է ԼՂ կոնֆլիկտը համանախագահության ձևաչափում կարգավորելու անհրաժեշտությունը
Բացի այդ, ըստ նրա, Արցախի դեմ ռազմական ագրեսիայի, ՀՀ սահմանին ադրբեջանական սադրանքի հարցերով ՄԱԿ–ի գլխավոր ամասբլեայում, ինչպես նաև Անվտանգության խորհրդում 2021-ին շրջանառվել է 30 տասնյակ փաստաթուղթ։ Նույն թեմաներով ԵԱՀԿ-ում էլ շրջանառվել է 70 փաստաթուղթ, այդ թվում` Արցախի իշխանությունների հայտարարությունները։
Միրզոյանը նշեց, որ ԱԳՆ առաջնահերթություններից է եղել նաև գերիների հարցը միջազգային ատյաններում բարձրացնելու հարցը։ Նրա խոսքով` անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել միջազգային հանրության ուշադրությունն Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայկական հուշարձանների նկատմամբ հանցագործությունների վրա սևեռելու ուղղությամբ։
«ԱԳ կարևոր ուղղություններից մեկն էլ եղել է տարածաշրջանում կոմունիկացիների ապաշրջափակումը։ Տրանսպորտային ուղիները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որով անցնում են։ Փոխվարչապետների մակարդակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի 8 հանդիպում է կայացել։ Կան պայմանավորվածություններ 2022-ի համար, աշխատանքները շարունակվում են»,–ասաց Միրզոյանը։
Նա հավելեց, որ սահմանազատման հարցը, ինչպես նաև Ցեղասպանության ճանաչման հարցը նույնպես արտգործնախարարության ուշադրության կենտրոնում է եղել։