ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆինանսական համակարգում արտարժույթի դեֆիցիտ չկա։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկից։
«Նման խնդիրր Կենտրոնական բանկը չի արձանագրել: Թե՛ փոխանակման կետերում, թե՛ առևտրային բանկերում չկա արտարժույթի պակասուրդ»,– հայտնում են ԿԲ–ից։
Նշենք, որ վերջին օրերին սոցիալական կայքերում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, թե ՀՀ բանկերում ու փոխանակման կետերում արտարժույթի (դոլար, եվրո) դեֆիցիտ կա։
Սոցկայքերում գրառումներ անող քաղաքացիները հայտնում էին, թե դժվարությունների են հանդիպում դրամն արտարժույթով փոխանակելիս։
Հիշեցնենք` վերջին շրջանում հայկական դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արագորեն արժևորվում է։ Պատճառն, ըստ մասնագետների, ռուս–ուկրաինական իրադարձությունների ու արևմտյան սահմանափակումների հետևանքով դոլարի նկատմամբ պահանջարկի անկումն է։
Բացի այդ, հայաստանյան արտարժույթի շուկայի վրա մեծ ազդեցություն է թողնում նաև Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից ֆիզիկական ու իրավաբանական անձանց ու նրանց հետ միասին` նաև ֆինանսական միջոցների ներհոսքը դեպի Հայաստան։
ԿԲ–ի տվյալներով` Ուկրաինայի նկատմամբ ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ամերիկյանդոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ կտրուկ բարձրացել էր` մարտի 11-ին հասնելով 518.28 դրամի։ ԿԲ–ի ներկայացրած այսօրվա փոխարժեքով 1 դոլարը ՀՀ–ում գնահատվում է 437.62 դրամ։