ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յասեն Պետրովը հրաժարական է տվել Վրաստանի հետ խաղում պարտվելուց հետո։ Տեղեկությունը հայտնում է Sportal.bg-ը։
Բուլղարական Ռազգրադում Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 5:2 ջախջախիչ հաշվով: Երկու տուրից հետո Բուլղարիան մեկ միավորով 4-րդ խմբի նախավերջին տեղում է:
«Ես մնալու բարոյական իրավունք չունեմ։ Մենք բաժանվելու ենք, ինչը միանգամայն նորմալ է։ Պատասխանատվությունը ես եմ կրում։ Հուսով եմ, որ կգա մեկ ուրիշը, ով կկարողանա ավելի լավ մոտիվացնել տղաներին։ Սա իմ վերջին հանդիպումն էր։ Հուսով եմ՝ հաջորդ հանդիպումներում տղաները լավ խաղ կցուցադրեն», - ասել է մարզիչը։
Պետրովը Բուլղարիայի հավաքականը գլխավորեց 2021 թվականին և չկարողացավ թիմին դուրս բերել Կատարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:
Սպասվում է, որ Ջիբրալթարի (հունիսի 9) ու Վրաստանի (հունիսի 12) թիմերի հետ Ազգերի լիգայի առաջիկա երկու խաղերում հավաքականը կղեկավարի Բուլղարիայի ֆուտբոլային միության տեխնիկական տնօրեն Գեորգի Իվանովը: Որոշումը կկայացվի հունիսի 7-ին գործկոմի նիստում: