Արցախի նախագահը հանձնարարել է պայքարել անօրինական զենքի ու հանցավոր խմբավորումների դեմ

Արցախի նախագահն իրավապահներին հրահանգել է նաև սեփական շարքերում պայքար տանել պետական համակարգի հեղինակությունը նվաստացնող ոստիկանի, պետական ծառայողին ոչ հարիր վարքագիծ ցուցաբերող անձանց դեմ:
Sputnik
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ իրավապահ մարմինների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` նվիրված Արցախում հասարակական կարգին ու անվտանգությանն ուղղված հանցավոր դրսևորումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
Առաջնագիծն ամրացվել է, իսկ զենք գնելու հնարավորությունը կընդլայնվի. Արցախի նախագահ
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Արայիկ Հարությունյանն իրավապահ մարմիններին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել անօրինական շրջանառության մեջ գտնվող զենքի, զինամթերքի, ռազմամթերքի հայտնաբերման ու առգրավման ուղղությամբ:
«Ձեռնարկել օպերատիվ հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ հետպատերազմյան իրավիճակներին հատուկ հնարավոր հանցավոր խմբավորումների, հեղինակությունների, արտոնյալների՝ գերիշխող դեր ունենալու փորձերը կանխելու, նման արդեն իսկ ձևավորված անթույլատրելի երևույթները վերացնելու, հանցագործության դեպքերի բացահայտման դեպքում՝ նաև քրեական հետապնդման գործիքակազմը կիրառելու համար»,– ասել է Հարութոյւնյանը։
Նա նաև հանձնարարել է համայնք առ համայնք բացահայտել այն անձանց շրջանակը, որոնք վարում են հակահասարակական կյանք, հանրային վայրերում ցուցաբերում են ցինիկ ու հասարակական կանոններին հակառակ վարքագիծ, նրանց հետ տանել բացատրական աշխատանքներ և ձեռնարկել բոլոր վարչական միջոցները՝ ծագող հանրային վտանգը կանխելու ուղղությամբ:
Արցախի նախագահն իրավապահներին նաև հրահանգել է սեփական շարքերում պայքար տանել պետական համակարգի հեղինակությունը նվաստացնող ոստիկանի, պետական ծառայողին ոչ հարիր վարքագիծ ցուցաբերող անձանց դեմ։ Իսկ հանրության հետ շփվող ծառայողների հետ անցկացնել բարեվարքության, պատշաճ խոսքի դասընթացներ: