Ուկրաինական զորքերը գնդակոծել են Դոնեցկի Վորոշիլովի շրջանը՝ 40 հրթիռ արձակելով ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից: Տեղեկությունը հայտնել է ԴԺՀ-ի ներկայացուցչությունը Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում։
Համացանցում հայտնված տեսանյութում երևում են սարսափելի գնդակոծության հետևանքները։ Ականատեսները նաև մանրամասներ են պատմել՝ նշելով, որ հրթիռները թռչում էին բնակելի տների վրայով։
Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ ներկայացուցչությունը հայտնել է ուկրաինական զորքերի գնդակոծումից հետո 5 զոհվածների և 20 վիրավորների մասին:
Գնդակոծության է ենթարկվել նաև Կիրովի շրջանը, ուկրաինացի զինվորականներն այդ ուղղությամբ արձակել են 10 հրթիռ և 15 արկ «Գրադ» կայանքից։
Ինչպես հայտնել է Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը, ուկրաինացի զինվորականները գրոհ են իրականացրել Լիդիևկա ավանի ուղղությամբ, վնասվել է մեծ ճնշման գազատարը: Նրա խոսքով՝ գրոհի հետևանքով վնասվել են նաև երկու դպրոցներ, վարժարաններ և մսուր-մանկապարտեզ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 102-րդ օրը։