ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. 737 MAX ինքնաթիռների արտադրությունը դադարեցնելու մասին ամերիկյան Boeing ընկերության որոշումը կարող է կապված լինել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ։ Այս մասին «Իզվեստիա» պարբերականին հայտնել է «Ավիա․ռու» ռեսուրսի գլխավոր խմբագիր Ռոման Գուսարովը։
Այն մասին, որ ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է այդ ինքնաթիռների արտադրությունը, հայտնի է դարձել նախօրեին։ The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ մայիսին նրանք մոտ 10 օրով դադար էին վերցրել մատակարարման շղթայի հետ կապված խնդիրների պատճառով:
Գուսարովը նշել է, որ Boeing-ը չափազանց մեծ կախվածություն ունի ռուսական տիտանից՝ մոտ 30-40 տոկոս, այսինքն՝ Boeing-ի առնվազն յուրաքանչյուր երրորդ ինքնաթիռը լիովին հավաքվել է ռուսական տիտանով:
Ընդ որում, կորպորացիան Ռուսաստանից ստացել է ոչ միայն տիտանը՝ որպես մետաղ, այլև տիտանե արտադրանքներ, որոնք արտադրվում են «ВСМПО-Ависма» կորպորացիայի ձեռնարկությունում: Այնտեղ էլ հղկվում էին բոլոր դետալները, դրանցից դուրս էին բերում ինքնաթիռի խոշոր բաղկացուցիչները։ Boeing-ը գրեթե պատրաստի արտադրանք էր ստանում։
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունից «Իզվեստիային» հայտնել են, որ Ռուսաստանը մինչև Ուկրաինայում հատուկ գործողության սկսվելը Boeing-ին նաև մետաղամշակման գործիքներ է մատակարարել: Մասնավորապես, խոսքը Բելգորոդի «Սկիֆ-Մ» ձեռնարկության արտադրանքի մասին է։
Արդյունաբերության և առևտրի նախարարությունում նշել են, որ քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ պետպատվերի ավելացումն այդ արտադրանքի հիմնական ծավալը կուղղորդի դեպի ներքին շուկա: