ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Թուրքիայի քաղաքական ղեկավարության ծայրահեղ հռետորաբանությունը և Էգեյան ծովում սադրիչ պահվածքը, ներառյալ՝ հունական կղզիների վրայով թռիչքները, վկայում են թուրքական ռևիզիոնիզմն ուժեղացնելու մտադրության մասին: Հունական Parapolitika թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը։
Միևնույն ժամանակ, Դենդիասը շեշտել է, որ Հունաստանը չի ցանկանում ներքաշվել Թուրքիայի հետ անպտուղ առճակատման մեջ։
«Թուրքական սադրանքներին մենք իմաստուն և հանգիստ ենք արձագանքում՝ ընտրելով, թե ինչպես և երբ արձագանքել՝ առաջ քաշելով ճիշտ փաստարկներ, այլ ոչ թե սենսացիոն քայլեր կատարելով»,- նշել է նախարար Դենդիասը։
Նա հայտնել է, որ Հունաստանն ամրապնդում է երկկողմ կապերը ռազմավարական գործընկերների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի և մյուսների հետ։ Հունաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ միաժամանակ, իրենք կանոնավոր կերպով տեղեկացնում են բոլոր դաշնակիցներին և գործընկերներին Թուրքիայի անընդունելի վարքագծի մասին։
«Մենք ընդգծում ենք, որ պատրաստ ենք պաշտպանել մեր ազգային շահերը ցանկացած սպառնալիքի դեմ»,- հայտարարել է Դենդիասը:
Հունական կողմը բազմիցս տեղեկացրել է, որ «հանդես է գալիս Թուրքիայի հետ միջազգային իրավունքի հիման վրա կառուցողական երկխոսության օգտին»:
Նախարարը նաև մեղադրել է թուրքական կողմին, որ նա «փոխում է սահմանները՝ այսրոպեական երևակայություններին համապատասխան»։ Նրա կարծիքով՝ Անկարայի գործողությունները ծիծաղելի կլինեին, եթե այդքան վտանգավոր չլինեին։
Նշենք, որ Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններում պարբերաբար լարվածություն է առաջանում Էգեյան ծովում հունական կղզիների նկատմամբ թուրքական նկրտումների պատճառով։ Վերջերս հակասությունները խորացան նաև այն պատճառով, որ ԱՄՆ Կոնգրեսում Հունաստանի վարչապետը կոչ արեց արդիականացված կործանիչներ չտրամադրել Անկարային։