Անմխիթար վիճակում գտնվող Հակոբավանքում պատարագ է մատուցվել․ մասնակցել է Արցախի նախագահը

Արցախի կառավարությունն անհրաժեշտ ջանքեր կգործադրի Մարտակերտի Սուրբ Հակոբավանքը վերականգնելու համար։
Sputnik
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Հակոբավանքի վանական համալիրում մատուցված Սուրբ պատարագին։ ԱՀ նախագահը տեղեկացրել է «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում կարճ տեսանյութ է տեղադրել։
«Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ քննարկել ենք նաև հոգևոր կենտրոնի վերականգնման ծրագրի անհրաժեշտությունը»,- գրել է Արայիկ Հարությունյանը։
Արցախի նախագահը հավաստիացրել է, որ կառավարությունն այդ առումով կգործադրի անհրաժեշտ ջանքեր։
Ավելի վաղ Sputnik Արմենիան անդրադարձել է Հակոբավանքի վերականգնման նախագծին։ Գրել ենք, որ Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը սկսել է զբաղվել Արցախի Մարտակերտի շրջանի Սուրբ Հակոբավանք եկեղեցու վերականգումով։ Ժամանակին այստեղ գտնվել է եպիսկոպոսի նստավայրը։ Միջին դարերում վանքը ակտիվ ուխտագնացության վայր և ձեռագրատուն է եղել (այստեղ են գրվել մի քանի ձեռագիր ավետարաններ)։
Վանքը երկու եկեղեցուց է բաղկացած։ Նրա տարածքում եղել է մատենադարան, անդունդի վրա կախված պատշգամբներով վանական խցեր, ջրամբարներ, թոնիրներ, բնակելի և տնտեսական շինություններ։ Վանքի վերականգնման մեծ ծրագիրը պատրաստ է։ Աշխատանքների ժամկետներն ու ծավալները հովանավորներից են կախված։ Բացի բուն վանքի վերականգնումից, նախատեսվում է Քոլատակ գյուղից նոր ճանապարհ կառուցել (1,5-1,8 կմ), հոսանք և ջուր քաշել։