Ոչնչացվել է կենտրոն, որտեղ ուկրաինացի զինվորներին սովորեցնում էին շահագործել M777. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նոր տվյալներ է հրապարակել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՌԴ ավիացիան ոչնչացրել է կենտրոն, որտեղ օտարերկրացիները Ուկրաինայի զինվորականներին սովորեցնում էին` ինչպես շահագործել M777 ամերիկյան հաուբիցները։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Օդային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով Սումիի մարզի Ստեցկովկա բնակավայրի շրջանում հարված է հասցվել Ուկրաինայի ԶՈւ հրետանային ուսումնական կենտրոնին, որտեղ օտարերկրյա հրահանգիչներն ուկրաինացի զինծառայողներին սովորեցնում էին`ինչպես շահագործել և կառավարել 155- մմ М777 հաուբիցները», – ասել է նա։
Գեներալը հավելել է, որ Օդեսայի մարզի Դաչնոյի շրջանում Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարվածով ոչնչացրել են օտարերկրյա վարձկանների տեղակայման կետը։
Բացի այդ, խոցվել են նաև Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և զինտեխնիկայի կենտրոնացման 27 տարածք, 2 հրամանատարական կետ, հրթիռային և հրետանային զենքի, զինամթերքի և վառելիքի 6 պահեստ` ԴԺՀ–ի Վեսյոլոյե, Բախմուտ և ԼԺՀ–ի Սպորնոյե, Պոդլեսնոյե, Լոսկուտովկա բնակավայրերում։
Ինչպես նշել է Կոնաշենկովը, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում խոցել են 33 հրամանատարական կետ, Ուկրաինայի զինված ուժերի հրետանային ստորաբաժանումների 131 կրակակետեր, ինչպես նաև կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 542 տարածք։
Ուկրաինան Բրիտանիայի աջակցությամբ ֆեյք է նկարահանել ՌԴ զորքերի դեմ մարտերի մասին. ՌԴ ՊՆ
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն անցած օրվա ընթացքում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռը և 17 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 2 «Բայրաքթար-ՏԲ2»։
Ընդհանուր առմամբ` հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 187 ինքնաթիռ, 129 ուղղաթիռ, 1104 անօդաչու թռչող սարք, 328 ԶՀՀ, 3406 տանկ և այլ մարտական զրահամեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 466 սարք, 1769 դաշտային հրետանի ու ականանետ, ինչպես նաև 3405 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 101-րդ օրը։