Ներխուժում Սյունիքում. Հայաստանի հարավում Ադրբեջանը շուրջ 900 հեկտար տարածք է վերահսկում

Արբանյակային լուսանկարների հիման վրա որոշեցինք հաշվարկել, թե որքան տարածք է զբաղեցրել ադրբեջանական զորքը Սյունիքի հարավում ներխուժման հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի լեռնային հատվածներում ադրբեջանական ԶՈւ-ն անընդհատ ամրանում է։
44-օրյա պատերազմից հետո Բաքուն ՀՀ տարածքի Սոթք-Խոզնավար (Գեղարքունիքից Սյունիք) հատվածում ավելի քան 45 քառակուսի կմ տարածք է գրավել։ Այսպիսին են պաշտոնական տվյալները։ Հայ զինվորականի մահվան կապակցությամբ ԱԳՆ-ի վերջերս արած հայտարարության մեջ ասվում էր, որ 2021 թվականի մայիսից Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթք-Խոզնավար հատվածում «ապօրինի կերպով ներխուժել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 45 քառակուսի կիլոմետր տարածք»։
Դեռ 2021 թվականի դեկտեմբերին ԱԳՆ-ն հայտարարել էր ավելի քան 40 քառ. կմ օկուպացնելու մասին (չնշելով կոնկրետ հատվածը)։
Ադրբեջանական ստորաբաժանումները, սակայն, ներխուժում են իրականացրել ոչ միայն Սոթք–Խոզնավար հատվածում։ Նրանց առաջխաղացումը նկատելի է և պաշտոնապես հաստատվել է Ներքին Հանդ գյուղի շրջանում և դրանից ավելի հարավ ընկած հատվածում` Վարդասար բարձունքի տարածքում։
Մենք փորձել ենք հաշվարկել Ներքին Հանդ գյուղ-Բարդութաղք (Բարթազ) լեռ հատվածում այս տարվա մայիսի 28-ի դրությամբ ադրբեջանցիների վերահսկողության տակ առնված տարածքի մակերեսը։
Հաշվարկներն իրականացվել են` հիմնվելով Google Earth-ի և Sentinel Hub-ի արբանյակային լուսանկարների և գործիքների վրա` ուղիղ գիծ անցկացնելով նշված շրջանում արդեն իսկ հայտնի ադրբեջանական դիրքերի միջև։
Կոպիտ հաշվարկներով` Սյունիքի այդ հատվածում Ադրբեջանի անմիջական վերահսկողության տակ է գտնվում մոտ 9 քառ. կմ (մոտավորապես 900 հա) ՀՀ տարածք։ Սակայն պետք է հաշվի առնել այն, որ ադրբեջանական դիրքերը տեղակայված են գերիշխող բարձունքների վրա, ինչը հնարավորություն է տալիս շատ ավելի մեծ տարածք տեսնել։
Ադրբեջանական դիրքեր
Հարկ է նշել, որ ադրբեջանական ԶՈւ-ն չի դադարում ակտիվ ինժեներական աշխատանքները հայկական տարածքում։ Ընդամենը 1-2 ամիս առաջ նրանք ամրապնդեցին իրենց դիրքերը Ներքին Հանդ գյուղի մոտ միանգամից երկու ուղղություններով, ինչի մասին գրել ենք։
ՀՀ ՊՆ-ն, ի պատասխան մեր հրապարակման, հայտարարել է, որ առաջխաղացումը տեղի է ունեցել պատերազմից հետո, մասնավորապես` 2021 թվականի գարնանը։
Սակայն առաջխաղացման փաստը նկատելու համար բավական է միայն նայել ՊՆ-ի նախորդ պարզաբանումը (այնտեղ արձանագրված է ուղղություններից միայն մեկը) և համեմատել 2022 թվականի ապրիլ և մայիս ամիսներին արբանյակից (Sentinel 2) արված լուսանկարները։
Ադրբեջանի սահմանապահ ծառայության ինժեներական աշխատանքները Ներքին Հանդ գյուղի շրջանում 2022թ. ապրիլ-մայիսին
Նշենք, որ ավելի վաղ այլ տարածքներում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ՀՀ տարածքի հաշվարկ էին իրականացրել նաև Civilnet-ն ու Hetq-ը։ Civilnet-ի տվյալներով` Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի վերահսկողության տակ է գտնվում ավելի քան 54 քառ. կմ տարածք։ Hetq-ի տվյալներով` միայն Վարդենիսի հատվածում Բաքուն վերահսկում է մոտ 32 քառ. կմ տարածք։
Մեր թղթակցի գրառումները կարող եք ընթերցել նաև նրա Telegram ալիքում։