Երևանում բախումների հետևանքով տուժածներից 50–ը դուրս են գրվել ԲԿ–ներից. ԱՆ

Տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հունիսի 3–ին Երևանի Պռոշյան-Դեմիրճյան-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել»,–ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:
Հայտնել ենք, որ Պռոշյան-Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ երեկ` հունիսի 3–ին, բախում է տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։
Արդյունքում տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։