Այս լռությունը ծայրահեղ տարօրինակ է. փաստաբանը` միջազգային կառույցների մասին

Փաստաբաններից մեկի խոսքով` չնայած բերման ենթարկված քաղաքացիները լուրջ վնասվածքներ ունեին, բայց բոլորին ձերբակալելու որոշում է կայացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Մայիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բախումների հետևանքով ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել 9 անձ, որոնցից 4-ն ունեցել են մարմնական լուրջ վնասվածքներ: Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Մանուշ Եսայանը, որը երեկ մի քանի փաստաբանների հետ այցելել է ոստիկանության բաժանմունքներ։

«Երեքին տեղափոխել էին հիվանդանոց. ունեին կոտրվածքներ, մի հոգու մոտ աչքի հատվածում այնպիսի վնասվածք էր, որ հետագայում հնարավոր է` այդ երիտասարդը լուրջ խնդիրներ ունենա, մի երիտասարդի մոտ ծնոտի լուրջ կոտրվածք էր»,- ասաց նա:

Եսայանի խոսքով` գիշերը մինչև ժամը 02:30-ն ինքը եղել է ոստիկանության Արաբկիրի վարչությունում։ Ու չնայած բերման ենթարկվածները վիրավոր էին, բոլորի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել:
«Ես ու իմ կոլեգաները վիճարկել ենք այդ որոշումը։ Հավանաբար, արդյունքները վաղը հայտնի կլինեն»,- ասաց նա:
Մայիսի 3-ի միջադեպի հետևանքով տուժած 60 մարդուց հիվանդանոցում մնացել են 4-ը. ԱՆ
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն էլ իր հերթին նշեց, որ երեկ ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառումը խնդրահարույց էր, քանի որ հավաքն այլ վայր տեղափոխելու պահանջ չի հնչեցվել։
Նրա խոսքով` հատուկ միջոց կիրառող ոստիկանը պատասխանատվության չի ենթարկվի, քանի որ դա նրան հրամայել են ավելի բարձր պաշտոն զբաղեցնողները:
Կոչուբաևն ընդգծեց, որ միջազգային հանրությունը աչք է փակում կատարվածի վրա։

«Ո՞ւր է միջազգային հանրություն կոչվածը։ Ցավոք սրտի` ԵՄ դեսպանությունը, ԵԽ բոլոր կառույցները վերածվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն առընթեր մարմինների, որովհետև այս լռությունը ծայրահեղ տարօրինակ է»,- նշեց Կոչուբաևը:

Հայտնել ենք, որ Պռոշյան-Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ երեկ` հունիսի 3-ին, բախում է տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։
Արդյունքում տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։