Ովքե՞ր են ՀՀ-ում «հարձակվում» Հիսուս Քրիստոսի վրա. վանդալիզմի դեպքերի հետքերով

Չարագործները պղծել են Քրիստոսի արձանը
Հուշարձանների պղծման վերջին դեպքերը բուռն քննարկման թեմա դարձան սոցցանցերում։ Հարց է առաջանում` կարո՞ղ է արդյոք այդ ամենը մեկ շղթայի օղակներ լինել։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանում իրագործված վանդալիզմի դեպքերը կարելի է աննախադեպ համարել։ Ապրիլին միանգամից երկու քաղաքում պղծել էին Հիսուս Քրիստոսի քանդակները։
Առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 23-ին: Անհայտ անձինք վնասել էին Երևանի Դավիթ Բեկի փողոցում գտնվող Սուրբ Հարություն եկեղեցի տանող մուտքի կամարին տեղադրված Հիսուս Քրիստոսի բազալտե արձանը (ջարդել էին ոտքերը, վնասել ձեռքերն ու գլուխը): Կամարի տակ էլ գրառում էին թողել. «Ձեռագործ արձանները աստվածներ չեն, կարդացեք կտակարան, Հռովմեացիներ առաջին գլուխ, Գործք առաքելոց յոթերորդ գլուխ...»։ Shamshyan.com–ի տեղեկություններով՝ առաջին անգամ չէր, որ չարագործները վնասում էին այս արձանը. նախորդ դեպքը դեռ չբացահայտված` քաղաքացիներն իրենց ուժերով նորն էին տեղադրել, ու ապրիլի 23-ին ականատես էին եղել հերթական վանդալիզմին։
Դրանից ընդամենը երեք օր առաջ Կոտայքի մարզի Ջրառատ գյուղում անհայտ անձինք վնասել էին Թուխ Մանուկ եկեղեցու բակում գտնվող կարմիր տուֆից պատրաստված խաչքարի վրայի Հիսուս Քրիստոսի քանդակը։ Կոտրել էին դեմքի հատվածն ու աջ ձեռքը։
1 / 2

Հիսուս Քրիստոսի վնասված քանդակը

2 / 2

Հիսուս Քրիստոսի վնասված քանդակը

Վանդալիզմի նմանատիպ դեպք էր գրանցվել նաև 2020 թվականի սեպտեմբերին` 44-օրյա պատերազմից 10 օր առաջ. Արմավիրի մարզում կոտրել էին Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու բակում կանգնեցված Հիսուս Քրիստոսի՝ Հայաստանում միակ արձանի գլուխը։
Չարագործները չէին խնայել նաև Արցախի ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը, վնասել էին դեմքը։ Ապրիլին էլ գողացել էին Վահագն Դավթյանի անվան զբոսայգու մուտքի մոտ տեղադրված Կոմիտասի հուշարձանի մետաղյա գլուխը։ Այս ամենը պատահականությո՞ւն է։
Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասած տղամարդը ձերբակալվել է
Ազգային ինքնության դեմ արշավ
Պատմաբան, աստվածաբան, ԵՊՀ կրոնների պատմության և տեսության ամբիոնի դասախոս Վարդան Խաչատրյանի կարծիքով` տեղի ունեցածը մի քանի ենթադրության տեղիք է տալիս, բայց բոլորը դեպքերը, ամենայն հավանականությամբ, նույն շղթայի օղակներն են և կառավարվում են մեկ կենտրոնից։
Նա կարծում է, որ վանդալիզմի հեղինակները կարող են լինել իսլամական արմատականները, որոնք Հայաստան են ներթափանցել Ադրբեջանից։ Պատմաբանի խոսքով՝ նրանց մատնում է նույն «ձեռագիրը». Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական գերեզմանատներում այդպես պղծում էին կիսանդրիներն ու հուշատախտակները (կադրերը, ի դեպ, ադրբեջանցիներն էին հրապարակում սոցցանցերում)։
«Ինչի՞ մասին կարող է վկայել այն, որ վնասել են Քրիստոսի դեմքը, մատները։ Կարծում եմ, որ սա պատկերամարտական կրոնական ուղղության դրսևորում է։ Իսլամում պատկերներ չկան, միայն նախշեր են։ Եթե անգամ պատկերներ կան, դրանք պետք է լինեն ոչ մեծ, քան դրոշմանիշը, որպեսզի պաշտամունքի հիմք չհանդիսանան։ Ես չեմ պատկերացնում, որ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներից որևէ մեկը նման բան կանի», - ասում է պատմաբանը։
Խաչատրյանը կարծում է, որ նույնիսկ այն աղանդների հետևորդները, որոնք չեն ընդունում սրբապատկերները, նման գործողությունների չէին դիմի։ Համենայնդեպս, մինչ օրս նրանց կողմից կրոնական հուշարձանների նկատմամբ ծայրահեղ ագրեսիայի դրսևորումներ չեն նկատվել։
Պատմաբանի խոսքով՝ Մեծամորում պատերազմից 10 օր առաջ տեղի ունեցած վանդալիզմը հաստատում է այդ վարկածը։
Վանդալիզմի դեպք Մեծամորում
«Դեպքը, ամենայն հավանականությամբ, կապված է պատերազմի նախապատրաստման հետ։ Ճիշտ այնպես, ինչպես մարտական գործողությունների սկսվելուց մի որոշ ժամանակ առաջ ամբողջ Ռուսաստանում հակահայկական մեծ ալիք էր բարձրացել։ Նրանք (ադրբեջանցիները. խմբ.) հող էին նախապատրաստում»,- նշում է փորձագետը։
Այսպիսով, ըստ Խաչատրյանի, Հայաստանում վանդալիզմի դեպքերը կա՛մ հաստատում են ծայրահեղ արմատականների ներկայությունը, կա՛մ էլ նրանց գցած ցանցի հետևանքն են. «Ես դա չեմ բացառում, քանի որ դավաճանության դեպքեր են եղել․․․»։
Նպատակը կարող է լինել հայկական ինքնության ոչնչացումը։ Հենց այդ մասին են վկայում ընտրված թիրախները՝ սրբավայրերն ու նշանավոր անձանց հուշարձանները։
Պատմաբանը նաև չի բացառում, որ այս ամենը կարող է սատանայապաշտների ձեռքի գործը լինել։
Հարկ է նշել, որ Ջրառատում տեղի ունեցած դեպքը լուրջ վրդովմունք է առաջացրել Facebook-ի հայաստանյան տիրույթում։ Քաղաքագետ Էդգար Էլբակյանը վանդալիզմի դեպքերը «սրբապղծությունների շրջան» է անվանել:
«Ամբողջանում է Հայաստանի թշնամիների կողմից մեր դեմ տարվող տոտալ պատերազմը՝ ռազմադաշտից մինչև ինքնություն»,- գրել է նա։
«Թշնամու հոգեբանություն»
Արվեստաբան և հուշարձանագետ Արմեն Ռուստամյանը կարծում է, որ թվարկված դեպքերը կարող են կառավարվել մեկ կենտրոնից, բայց չի բացառվում, որ դրանց հեղինակները իրար հետ կապ չունեցող չարագործներ են։
Հիսուս Քրիստոսի քանդակների դեպքում նա հակված է այն կարծիքին, որ չարագործությունների հեղինակները կարող են լինել կրոնական աղանդների ներկայացուցիչները։ «Ինձ համար դժվար է պատկերացնել, թե ինչը կարող էր դրդել հային ոտնձգություն կատարել Քրիստոսի կերպարի դեմ»,- ասաց Առուստամյանը:
Արվեստագետը դժվարանում է այդ հանցագործությունները կապել երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների հետ։ Նա օրինակ է բերում 90-ականները, երբ «պերեստրոյկայի» ժամանակ ոչնչացվում էին հեղափոխության խորհրդանիշները ներկայացնող հուշարձանները՝ Լենինի, Ստալինի, Ազիզբեկովի, Ղուկասյանի և այլն։
Այդուհանդերձ, «Անկախության բանակի» հիմնադիրներից և Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկի՝ Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրու պղծումը Առուստամյանը մեկ շղթայի օղակ է համարում։

«Երբ թշնամին քանդում է մեր սրբավայրերը` Ջուղայի խաչքարերը, Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիում, Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակները, գոնե հասկանում ենք, որ դա թշնամին է, թուրքը, քանի որ մեր տարածքը հայտնվել է նրա վերահսկողության տակ։ Բայց հիմա նույնը տեղի է ունենում մեզ մոտ։ Սա արդեն թշնամու հոգեբանություն է սեփական արժեքների նկատմամբ»,- ավելացրեց նա։

Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ոստիկանություն` պարզելու համար, թե անցած և այս տարվա ընթացքում վանդալիզմի քանի դեպք է գրանցվել Հայաստանում։ Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ 2021 թվականին 6 քրեական գործ է հարուցվել 260 հոդվածով («վանդալիզմ»), որոնցից մեկը բացահայտվել է, իսկ 2022-ի հունվարից ի վեր՝ 2 դեպք, բացահայտվել է 1-ը։
2021 թվականին 264-րդ հոդվածով («պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը») արձանագրվել է 30 դեպք, որոնցից 2-ը բացահայտվել են, իսկ այս տարվա հունվարից ի վեր՝ 4 դեպք, բացահայտվել են 2-ը։
Ոստիկանությունից տեղեկացրին, որ Ջրառատում ու Դավիթ Բեկի փողոցում այս տարվա ապրիլին գրանցված վանդալիզմի դեպքերը դեռ չեն բացահայտվել։