Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին կայցելի Երևան

Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարարը ՀԱՊԿ գործընկերների հետ կքննարկի միջազգային և տարածաշրջանային օրակարգը, մի շարք հանդիպումներ կանցկացնի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան կայցելի։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հունիսի 10-ին Ռուսաստանի արտգործնախարարը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին», – այսօրվա ճեպազրույցում ասել է Զախարովան:
Նա հիշեցրել է, որ այս տարի ՀԱՊԿ–ը նախագահում է Հայաստանը։ Նիստի մասնակիցներն ամփոփելու են ՀԱՊԿ շրջանակում բազմակողմ համագործակցության արդյունքները և անդրադառնալու են հետագա փոխգործակցության հեռանկարին։ Քննարկելու են, թե ինչպես է միջազգային, տարածաշրջանային իրադրությունն ազդում կազմակերպության անդամ պետությունների վրա, խոսելու են ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմի կատարելագործման մասին։
Զախարովայի խոսքով ՝ ստորագրվելու է արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցությունների ծրագիրը (2022-2024 թվականների համար): Նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ: