ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայաստանում առաջիկայում մի շարք պատմական հուշարձաններ կվերականգնվեն։ Այսօր հրավիրված ասուլիսում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։
Նրա խոսքով` այդ նպատակով արդեն հավաքվել է 300 մլն դրամ, որից 108 միլիոն դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, իսկ մնացած մասը գոյացել է մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում։
Առաջին հերթին նախատեսվում է վերանորոգել Սանահինի վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքը։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել հաջորդ տարի։ Ուշադրության կարիք ունի նաև Գոշավանքի տանիքը, քանի որ ժամանակին այն ամբողջությամբ չի վերանորոգվել, անձրևաջրերը փչացնում են արդեն վերականգնված հատվածը։
Դիլիջանի Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանը երեք տարվա ընթացքում հիմնովին կվերանորոգվի։ Կբարեկարգվի նաև Լոռու մարզի միջնադարյան Քոբայրի վանքը։ Վերջերս կառավարության կողմից հաստատված մեկ այլ ծրագրով նախատեսվում է վերականգնել Լոռվա բերդի պարիսպները։ Որոշակի հատված արդեն վերականգնվել է։ Կա նաև Լոռի բերդի բաղնիքի և եկեղեցու վերականգնման ծրագիր։ Բացի այդ, ներկայում պեղումներ են իրականացվում Լոռվա բերդի մոտ։
Վանյանի խոսքով` արդեն ավարտվել են «Ճանապարհաշինարարների հուշարձանի» տարածքի լուսավորության աշխատանքները։
Տավուշի բերդի պեղումները, որոնք սկսվել են երկու տարի առաջ, այս տարի կշարունակվեն։ Զուգահեռաբար կիրականացվեն վերականգնողական աշխատանքներ։
Մեկ այլ նախագծով կվերականգնվի Ամրակից գյուղում գտնվող ռուսական եկեղեցին։
Վանյանը նշեց, որ նախարարությունը նախատեսում է էապես ավելացնել ֆինանսավորումն այս ոլորտում։