Բանկային գաղտնիքը ՊԵԿ-ին հասանելի դարձնելը վտանգավոր է, միայն դատարանը պետք է որոշի՝ ում տալ այդպիսի տվյալ։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանը՝ մեկնաբանելով ՊԵԿ-ին բանկային գաղտնիքի հասանելիություն տալու հարցը։
«Բանկային գաղտնիքը կարող է առնչվել նաև պետական գաղտնիքին, ինչը հասանելի կդառնա ՊԵԿ աշխատակիցներին։ Վերջիններիս նման ինֆորմացիա տրամադրելը վտանգավոր է, քանի որ բոլոր կառույցներում էլ կան անազնիվ մարդիկ»,- ասաց Ճզմաչյանը։
Միջազգային կառույցը, Ճզմաչյանի դիտարկմամբ, չի կարող տեղեկություն ուզել, եթե միջսահմանային գործարք չի կատարվել, այսինքն` նա կարող է տեղեկություն ստանալ այն դեպքում, երբ գործարքի կողմերից մեկը գործում է Հայաստանում, մյուսը՝ արտերկրում, իսկ այստեղ ՊԵԿ-ն ուզում է տեղեկություն ստանալ ցանկացած գործարքի վերաբերյալ։
Ճզմաչյանն ընդգծեց, որ առաջարկվող փոփոխությունը միայն հեշտացնելու է ՊԵԿ-ի աշխատանքը, որովհետև հիմա էլ կոմիտեն կարող է բանկային գաղտնիք պարունակող տեղեկություն ստանալ, բայց միայն՝ դատարանի որոշմամբ։ Սա, Ճզմաչյանի կարծիքով, չպետք է փոխվի։
Մասնագետի դիտարկմամբ` շատ կարևոր է նաև այն, թե ինչ ծավալով են հատկացվում բանկային գաղտնիք պարունակող նյութերը, և տվյալ հարցում որոշում կայացնողը նույնպես պետք է միայն դատարանը լինի։
«Հնարավոր է՝ տեղեկատվությունը վերաբերի մի քանի իրավաբանական կամ ֆիզիկական անձի, որոնք աշխատում են` առնչություն չունենալով ՊԵԿ-ի կոնկրետ գործի հետ, ուստի դատական որոշումը պետք է լինի միակ հանգուցալուծումը, որպեսզի քաղաքացին կամ իրավաբանական անձը հնարավոր ոտնձգություններից պաշտպանված լինի»,- նշեց Ճզմաչյանը։
Ընդհանուր առմամբ, օրենքի փոփոխությունը, Ճզմաչյանի կարծիքով, երկու վտանգավոր գործոն է պարունակում․ նախ դրա հետևանքով արտասահմանից ներդրումներն ապագայում կպակասեն, քանի որ կնվազի ներդրողների վստահությունը, երկրորդը՝ տարբեր ընկերությունների մասին գաղտնիքներ կբացահայտվեն, որոնց միջոցով հնարավոր կլինի միջամտել տվյալ կառույցների գործունեությանը։
«Հնարավոր չէ՝ ԿԲ-ն կամ ցանկացած այլ բանկ գոհ լինի այդ օրենքի դրույթների փոփոխությունից, որովհետև դա բացասական ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա»,- շեշտեց մասնագետը։
Ճզմաչյանը Sputnik Արմենիայի եթերում նաև դիմեց ՊԵԿ նախագահին ու կոչ արեց ավելի սթափ նայել օրենքի դրույթներին։
«Փոփոխությունը կարող է մի քիչ ավելի հեշտացնել կամ արագացնել ՊԵԿ աշխատողների գործը, բայց բավական կտրուկ ու բացասաբար ազդել տնտեսության վրա։ Խնդրում եմ ծանրութեթև անել՝ ո՞րն է ավելի կարևոր երկրի համար»,- դիմեց Ճզմաչյանը ՊԵԿ նախագահին։
Նշենք, որ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ Հայաստանն այսօր բազմակողմ կոնվենցիայի անդամ է, ինչն այլ պետության հարկային մարմնի հարցմանը պատասխան է ենթադրում, այդ թվում նաև` բանկային գաղտնիք ներկայացնող տեղեկության տրամադրմամբ։ Նրա խոսքով՝ միջազգային փորձը ցույց է տվել, որ հարկային մարմինները բանկային գաղտնիքներին հասանելիություն ունեն։