Նպաստառու ընտանիքների թիվը նախորդ տարի 10 000-ով նվազել է. նախարար

Նարեկ Մկրտչյան
Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ 2021-ին անկանխիկ եղանակով նպաստ է ստացել 207 ընտանիք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Օբյեկտիվ վարչարարության արդյունքում 2021-ին շուրջ 10 000-ով նվազել է նպաստառու ընտանիքների թիվը։ ԱԺ-ում 2021թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Նախորդ տարի անապահով սոցիալական խմբերի անաշխատունակության դեպքում սոցիալական աջակցության համար պետբյուջեից ծախսվել է 78.3 միլիարդ դրամ, որից 30.4 միլիարդ դրամն ուղղվել է նպաստներին։ 2021-ին անկանխիկ եղանակով նպաստ է ստացել 207 ընտանիք, այժմ 1400 ընտանիք է անկանխիկ եղանակով նպաստ ստանում։ Սակայն 83 000 ընտանիք ունենք, որ անկանխիկ չեն ստանում նպաստները»,–ասաց Մկրտչյանը։
Ի դեպ, նպաստների միջին ամսական չափը 31 200 դրամ է։
Չաշխատող ծնողներն էլ երեխայի խնամքի նպաստ կստանան. կառավարությունը վերանայում է օրենքը
Բացի այդ, առանձին կատեգորիայի անձանց և նրանց ընտանիքների անդամներին տրված պարգևավճարների և պատվովճարների համար պետբյուջեից հատկացվել է 11.1 միլիարդ դրամ։ Նախարարը հայտնեց, որ ծրագրի շահառուները եղել են զինծառայողները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցողները, զոհվածների ծնողները և այլն։
Ինչ վերաբերում է ավանդների փոխհատուցմանը, ապա Մկրտչյանը հայտնեց, որ մինչև 1993-ի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց 1.2 միլիարդ դրամի փոխհատուցում է տրամադրվել։ Փոխհատուցումը ստացել են մինչև 1938-ի դեկտեմբերի 31-ը ծնվածները։ Մկրտչյանի խոսքով` հիմա քննարկման փուլում է մինչև 1940 թվականին ծնվածներին փոխհատուցում տրամադրելու հարցը։
ՀՀ–ում կենսաթոշակների անկանխիկ բոնուսների ծրագրին միայն 3 բանկ է միացել