ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին, որը Հայաստան է այցելել ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` Փաշինյանը հանդիպման ընթացքում կարևորել է Հայաստանի՝ 2021-2025թթ. համար ՄԱԿ-ի ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ ընտրվելը, ինչը, նրա խոսքով, ավելի կխթանի արդյունավետ փոխգործակցությունը:
ՀՀ նախագահի աշխատակազմն էլ հայտնում է, որ Վահագն Խաչատուրյանը Զուրաբ Պոլոլիկաշվիլիիի հետ հանդիպմանը գոհունակությամբ է խոսել Հայաստանի և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև հարաբերությունների կայուն զարգացման մասին: Նա ընդգծել է, որ զբոսաշրջությունը շատ կարևոր ոլորտ է Հայաստանի համար և կառավարության կողմից հռչակվել է տնտեսության զարգացման գերակա ոլորտներից մեկը:
Երկու հանդիպումների ընթացքում էլ մտքեր են փոխանակվել զբոսաշրջության ոլորտում համավարակի պատճառով ի հայտ եկած մի շարք մարտահրավերների հաղթահարման, զբոսաշրջության ոլորտի զարգացման նոր ուղենիշների մշակման և համագործակցության օրակարգն ավելի հարստացնելու շուրջ:
Ընդգծվել է, որ Հայաստանը մեծ ջանքեր է ներդնում թվային տեխնոլոգիաների, կրթության, գիտության և նորարարությունների ոլորտների զարգացման ուղղությամբ, ինչն իր նպաստը կունենա զբոսաշրջության ոլորտի ներուժի բարձրացման և ամրապնդման գործում:
Զրուցակիցները քննարկել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները: Կարևորվել են գյուղական տուրիզմի և ագրոտուրիզմի զարգացման, ենթակառուցվածքների բարելավման, զբոսաշրջային բիզնեսով զբաղվելը խթանող, մտածելակերպը զարգացնող կրթական ծրագրերի իրականացման, նաև կանանց ձեռներեցության հզորացման նախաձեռնությունները:
ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարն իր հերթին ողջունել է ՀՀ կառավարության` նստաշրջանը Երևանում անցկացնելու որոշումը, արդյունավետ է գնահատել նստաշրջանի աշխատանքները: Նա ուրախալի է համարել Հայաստանում զբոսաշրջության վերականգնման միտումը և ՀՀ կառավարության հետ գործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել: