ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

ԱԺ
Արտահերթ նիստը նախաձեռնել է կառավարությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը հունիսի 9-ին արտահերթ նիստ կգումարի։ Տեղեկությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։

«ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ հունիսի 9-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նիստի օրակարգում կառավարության առաջարկած ու անհետաձգելի ճանաչված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են, որոնց թվում է համայնքների խոշորացման նոր փուլին վերաբերող օրենսդրական փաթեթը։ Համայնքների խոշորացման հերթական փուլով նախատեսվում է արդեն խոշորացված 13 համայնքները միավորել ևս 141 գյուղերի ու քաղաքների հետ` ձևավորվելով 5 նոր խոշորացված համայնքներ։
Մեկ այլ նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում, որի ընդունման դեպքում ցանկացած անձ, որը կցանկանա զբաղվել առևտրի իրականացման վայրի կազմակերպմամբ, այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպմամբ, պարտավոր կլինի այդ մասին ծանուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։
Անհետաձգելի համարված օրինագծերի շարքում է նաև Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի, դատավորների հավելավճարները բարձրացնելը` գործող 30 տոկոսի փոխարեն սահմանելով նրանց պաշտոնեական դրույքաչափերի 80 տոկոսի չափով։