Ընդդիմությունը գնալու է խորհրդարան. Սաղաթելյանը ներկայացրել է հունիսի 3-ի անելիքները

Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին կոչ է արել հավաքվել Ֆրանսիայի հրապարակում` աջակցել ընդդիմադիր ֆրակցիաների պատգամավորներին և, կախված խորհրդարանում տեղի ունեցող գործընթացներից, որոշել հետագա անելիքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հունիսի 3-ին ընդդիմությունը գնալու է խորհրդարան` արտահերթ նիստին մասնակցելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ, Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Վաղը՝ ժամը 16։00-ին, խորհրդարանում նշանակված է արտահերթ նիստ, մենք գնալու ենք խորհրդարան։ Մինչև այդ ժամը բոլորի համար կա հնարավորություն` արտահայտելու իրենց դիրքորոշումը»,- գրել է Սաղաթելյանը։

Նա քաղաքացիներին կոչ է արել հունիսի 3-ին, ժամը 16։00-ին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում` աջակցել ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին և, կախված խորհրդարանում տեղի ունեցող գործընթացներից, որոշել հետագա անելիքները։

«Վաղը մենք բոլորս ունենալու ենք Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների հարցում սեփական ընտրությունը կատարած բոլոր գործիչների անուն-ազգանունները»,- նշում է Սաղաթելյանը։

Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները ՝ «Պատիվ ունեմ»-ը և «Հայաստանը», հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարությամբ հանդես գա, որում ի թիվս այլ դրույթների նշվի, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։
Իմ դիրքորոշումը գրված է կառավարության ծրագրում. ԱԻ նախարարը` Արցախի մասին
Այդ հարցով ԱԺ-ում հրավիրվեց արտահերթ նիստ, բայց իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարեց, որ նիստին չի մասնակցելու։