Կկառուցվի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանը Երևանին կապող 3-րդ ճանապարհը

Տավուշի մարզի Բերդ քաղաքը
Փաշինյանը համոզված է` ճանապարհի շինարարությունից հետո տարածքը գրավիչ կդառնա ներդրումների համար, ինչն էլ դրական կազդի Գանձաքար և Իծաքար գյուղերի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Առաջիկայում կկառուցվի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանը Երևանին կապող հանրապետական նշանակության 3-րդ ճանապարհը։ Կառավարությունն այսօր հավանություն տվեց շինարարության նախագծին ու ֆինանսավորմանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ հիմնանորոգման ներկայացված ճանապարհը գրունտային վիճակում գոյություն ունի դեռ 1990-ական թվականներից։ Խոսքը Իջևանը Բերդին միացնող, Գանձաքար-Իծաքար հատվածով անցնող ճանապարհի մասին է։

«Հիմա մենք այն լիարժեք հիմնանորոգում ենք, ասֆալտապատում և, ըստ էության, այն կլինի Բերդի տարածաշրջանը մայրաքաղաքին կապող երրորդ ճանապարհը։ Բոլոր երեք ճանապարհները պիտի գործեն լիարժեք»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ Տավուշի հիմնանորոգվող ճանապարհը ունի տուրիստական ու տնտեսական նշանակություն, քանի որ անցնում է գեղատեսիլ վայրերով, որտեղ կան պատմամշակութային հուշարձաններ։ Փաշինյանի համոզմամբ` ճանապարհի շինարարությունից հետո տարածքը գրավիչ կդառնա ներդրումների համար, ինչն էլ դրական կազդի Գանձաքար և Իծաքար գյուղերի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։
ՀՀ–ում կենսաթոշակների անկանխիկ բոնուսների ծրագրին միայն 3 բանկ է միացել
Կառավարության ընդունած որոշմամբ` բացի վերոհիշյալ ճանապարհից, նախատեսվում է հիմնանորոգել նաև Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի Վարդանաշեն-Երասխահուն-Ջրաշեն-Լուսագյուղ հատվածը, հանրապետական նշանակության` Աբովյան-Արզնի–Նոր Գեղի, ինչպես նաև Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան և Նոր Գեղի-Արգել-Լուսակերտ հատվածները։
Ճանապարհաշինական աշխատանքների վերջնական ավարտը նախատեսված է 2023թ-ի վերջին։
Հնդկաստանը Հայաստանին շուրջ 480 մլն դրամ դրամաշնորհ է առաջարկել