Խնդիր չեմ տեսնում. Արմեն Գրիգորյանը` սահմանազատման հանձնաժողովում ադրբեջանցիների թվի մասին

Ադրբեջանի և Հայաստանի դրոշները
Արմեն Գրիգորյանի խոսքով` փոխվարչապետը կտեղեկացնի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի հաջորդ նիստի օրվա մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Սահմանազատման և սահմանային անվտանգության` Մոսկվայում կայանալիք առաջիկա նիստը նախորդի շարունակությունն է լինելու և քննարկվելու է, թե ինչպես են երկու երկրներն առաջ գնալու։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է նիստի անցկացման օրվան ու ժամին, Գրիգորյանը նշեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կհայտնի այդ մասին։
Մայիսի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ–ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում ստորագրեց` հաստատելով հանձնաժողովի կազմը։ Հայկական հանձնաժողովը, որը ղեկավարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, 12 անդամ ունի, իսկ ադրբեջանական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են 22 գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է Հայաստանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի անդամների թվաքանակը գրեթե կրկնակի պակաս Ադրբեջանի հանձնաժողովի անդամների թվից։
Ի պատասխան Գրիգորյանը նշեց, որ թվաքանակը որևէ մեծ նշանակություն չունի, քանի որ բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում, և բանակցություններից առաջ անդրադառնում են բոլոր հարցերին։
«Թվաքանակի հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում։ Ավելին` մինչև այսօր էլ բազմաթիվ անգամ մասնագետների հետ քննարկումներ ենք արել սահմանազատման հարցերով»,–ասաց Գրիգորյանը։
Նա հավելեց, որ սահմանային ցանկացած լարվածություն բացասական է ազդում բոլոր գործընթացների վրա, ինչի համար էլ հայկական կողմն առաջարկում էր մինչև սահմանզատման գործընթացը սկսելը զորքերը հայելային կերպով հետ քաշել սահմանից։ Գրիգորյանի խոսքով` սահմազատման հարցով երկու երկրների մոտեցումներում կան տարաձայություններ, սակայն հույս ունեն բանակցությունների միջոցով հաղթահարել դրանք։
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: Քննարկվել է նաև կողմերի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը։ Այս համատեքստում Միշելն ընդգծել է, որ կարևոր է՝ գործընթացի ընթացքում քննարկվեն Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։