ՀՀ ԶՈւ սպաները բնակարաններ կստանան. կառավարությունը փորձում է գրավիչ դարձնել բանակը

Զինծառայող
Վերլուծությունը ցույց է տալիս, որ տարեցտարի նվազում է կադրային սպայական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող քաղաքացիների քանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիները ավարտելուց ու սպայական ծառայության անցնելուց հետո պետությունից անհատույց բնակարան կստանան։
Օրենսդրական նոր նախաձեռնությունն այսօր կառավարության հերթական նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա հայտնեց, որ զինծառայության ավարտից հետո կամ առողջական խնդիրների պատճառով ժամանակից շուտ զորացրվելու դեպքում բնակարանները սեփականության իրավունքով կհանձնվեն զինծառայողներին։
«Նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի մահվան, զոհվելու դեպքում բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվելու է նրա ընտանիքի անդամներին»,– ասաց Պապիկյանը։
Նշենք, որ կառավարությունն այս որոշմամբ փորձում է լուծել ոչ միայն զինծառայողների սոցիալական խնդիրները, այլև բանակը որակյալ կադրերով ապահովելու հարցը։
Ստեփանակերտում նորակառույց բնակարաններ են տրամադրվել զոհված զինծառայողների ընտանիքներին
Կառավարության որոշման նախագծում նշված է. «Վերլուծությունը ցույց է տալիս, որ տարեցտարի նվազում է կադրային սպայական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող քաղաքացիների քանակը»։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը հաստատվեց ՀՀ կառավարության կողմից ու ճանաչվեց անհետաձգելի։ Մոտ ապագայում այն կներկայացվի արդեն խորհրդարանի հաստատմանը։
Արցախում վիճակահանությամբ բնակարաններ են հատկացրել ՊԲ պահեստազորի 20 սպաների ընտանիքների