Դե, խորհրդային իշխանությունների գործը բավական հեշտ էր՝ էն ժամանակ ո՞վ կհամարձակվեր կասկածի տակ առնել պաշտոնական տեսակետը։ Անկախության հռչակումից հետո ամեն ինչ փոխվեց, իշխանություններն էլ իրենց կացնային ոճը դարձրին շատ ավելի ճկուն ու խորամանկ՝ ղեկավարվելով հայտնի ասացվածքով՝ սուտը երեք տեսակի է լինում. պարզապես սուտ, ակնհայտ սուտ և վիճակագրություն։ Հենց վիճակագրությունն էլ դարձավ իրականությունը խեղաթյուրելու և հանրության վրա ազդելու հիմնական միջոցը՝ ես չեմ ասում, վիճակագրական ծառայությունն է պնդում, որ դուք լավ եք ապրում։
Վերջին օրինակը բերեմ։ Երեկ Հայաստանի վարչապետը խորհրդարանում հայտարարեց. «Չնայած գլոբալ տնտեսական լարված իրադրությանը, Հայաստանում տնտեսության վիճակը լավատեսական է»։ Երկրի ղեկավարը հենց վիճակագրական տվյալներով հիմնավորեց իր պնդումը. «Այս տարվա առաջին չորս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 9,4 տոկոսով, առաջին հինգ ամիսներին 141 միլիարդ դրամ ավելի շատ հարկ ու տուրք է հավաքվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, նոր ռեկորդ է սահմանել գրանցված աշխատատեղերի քանակը»։ Իսկապես, եթե որևէ մեկը հերքի, որ շատ ազդեցիկ թվեր են, թող առաջինը քար նետի Հայաստանի վիճակագրական ծառայության պետի վրա։
Հիմա՝ իրականությունը։ Ախր համեմատելով այս տարվա առաջին ամիսները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ` հրաշալի գիտենք, որ այն ժամանակ մենք ոչ թե աճ, այլ անկում ենք ունեցել կորոնավիրուսի հետ կապված։ Հրաշալի գիտենք, բայց, ինչպես ժողովուրդն է ասում, հայտնի ընտանի կենդանու տեղենք մեզ դնում ու ձայն չենք հանում անցած տարվա անմխիթար ցուցանիշների մասին։ Հրաշալի գիտենք նաև, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունները, որոնք սկսվել են փետրվարին, արդեն բավական մեծ բացասական ազդեցություն են գործել Եվրոպայում, բայց դրանց հետևանքները առայժմ Հայաստանին չեն հասել։ Ու էլի այդ մասին ձայն չենք հանում։
Այսինքն` տեսեք, թե ինչ է կատարվում։ Իշխանությունները սուտ չեն խոսում, ամեն ինչ հիմնավորված է վիճակագրական տվյալներով։ Ուղղակի ասում են ճշմարտության կեսը։ Իսկ կիսաճշմարտությունը, ինչպես դեռ ավելի քան հարյուր տարի առաջ շատ ճիշտ նկատել է համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինը, ամենաահավոր բանն է, որովհետև այն հերքելը, փաստորեն, անհնար է, քանզի առնվազն կեսը իրոք համապատասխանում է իրականությանը։
Եվ վերջապես։ Երբ ասում եք, թե տնտեսությունը այսինչ ժամանակում աճել է այսքան տոկոսով, բա գների մասին ինչո՞ւ ձեն-ձուն չեք հանում։ Իհարկե, մշտապես լսում ենք նույն արդարացումը՝ է՛, ողջ աշխարհում են աճել գները, մանավանդ՝ Եվրոպայում։ Ու ահավոր մի ինչ-որ թիվ են վկայակոչում, խրոխտ ձայնով ասում են՝ դուք նույնիսկ չգիտեք, որ Թուրքիայում այս տարի գնաճը կազմել է 70 տոկոս։ Կներե՛ք, Թուրքիան ինձ համար այնքան էլ եվրոպական երկիր չէ, իսկ Եվրոպայի ամենակենտրոնում գտնվող Շվեյցարիայում ինֆլյացիան, «Ֆայնենշլ թայմս» բրիտանական թերթի վկայությամբ, կազմել է ընդամենը 2,5 տոկոս։
Ա՛յ, եթե դուք կարողանայիք շվեյցարացիների նման զսպել գնաճը, իսկ դա հնարավոր է Կենտրոնական բանկի ձեռքին եղած գործիքակազմը ճիշտ օգտագործելու ճանապարհով, մարդիկ միայն շնորհակալ կլինեին ձեզ, այլ ոչ թե ամեն օր իրենց վանկարկումներով ցույց կտային իրենց, մեղմ ասած, ուրույն վերաբերմունքը ձեր նկատմամբ։ Իսկ դուք ի՞նչ եք արել։ Թողել եք, որ, օրինակ, ոսպի գինը անցած տարվա այս նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճի ավելի քան մեկ երրորդով, իսկ հնդկացորենի գինը՝ գրեթե 50 տոկոսով։ Հացն ու ալյուրն աճել են 14 տոկոսով, իսկ մակարոնը՝ ավելի քան մեկ քառորդով։ Ախր, սրանք էլ են զուտ վիճակագրական տվյալներ, որոնց մասին գերադասում եք լռել։
Ա՛յ, սա է իրողությունը, որը կարելի է նաև այսպես ներկայացնել՝ հպարտորեն հրապարակել հաղթական ցուցանիշը՝ պետական աշխատողի աշխատավարձն անցած տարի մեր կառավարության անխոնջ ջանքերի շնորհիվ անասելի ծանր պայմաններում աճել է մոտ 5 տոկոսով։ Եվ ոչինչ չասել այն մասին, որ այդ նույն անցած տարում սննդամթերքը թանկացել է 11 տոկոսով։ Ճիշտ է, հիմա կիսաճշմարտության այս քաղաքականությունն էլ այլևս չի անցնում՝ հայաստանցին հո զգում է, որ հակառակ իշխանությունների լավատեսական պնդումներին, իր ընտանիքի կյանքը տարեցտարի ծանրանում ու ծանրանում է։ Բայց գոնե գեղեցիկ թվեր ենք լսում։