Տեղական ծխախոտի արտադրության ծավալները Հայաստանում կրճատվել են. ՊԵԿ նախագահ

Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ 2021թ–ին փաստացի ապահովվել են 1 տրլն. 586.9 մլրդ հարկային եկամուտներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. 2021թ-ին Հայաստանում կրճատվել են տեղական ծխախոտի արտադրության ծավալները։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2021թ–ի բյուջեի կատարողականի հաշվետվության նախնական քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը` այդ կերպ մեկնաբանելով անցյալ տարի ակցիզային հարկի հավաքագրման ցածր ցուցանիշը։
«Եկամուտների աճ գրանցել ենք բոլոր հարկատեսակների գծով` բացառությամբ ակցիզային հարկից։ Պատճառը ծխախոտ արտադրող որոշ տնտեսվարողների մոտ ծավալների կրճատումներն են»,– ասաց Բադասյանը։
ՊԵԿ նախագահը նշեց, որ չնայած այս հանգամանքին ու այն իրողությանը, որ 2021թ–ը դեռևս կրում էր իր վրա կորոնավիրուսային համավարակով պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամի ու ռազմական գործողությունների հետևանքները, պետական բյուջեի եկամուտները հնարավոր է եղել ապահովել ։
2021թ–ին փաստացի ապահովվել են 1 տրլն. 586.9 մլրդ հարկային եկամուտներ, ինչը 0.3 տոկոսով ավելի է 2020թ–ի ցուցանիշից։