ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, կալանավորվել է։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Բենիկ Գալստյանը։
«Դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարեց Տիգրան Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Հիմնավոր կասկածը հաստատող միակ տվյալը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ ամրագրված իմպերատիվ պահանջների խախտմամբ ոստիկանության մի օպերլիազորից վերցված ցուցմունքն է»,–գրել է պաշտպանը։
Նրա խոսքով` այս դեպքով հաղորդում է ներկայացնելու դատավորի, քննիչի և օպերլիազորի կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Խաչատրյանին ձերբակալել են մայիսի 30-ին` քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի հիմքով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Նույն օրը ձերբակալվել էր նաև ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը։ Երկուսն էլ մասնակցում են «Դիմադրություն» շարժման հանրահավաքներին, մայիսի 30-ին ներկա էին կառավարության 3-րդ շենքի մոտ տեղի ունեցած դեպքերին։