ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, կալանավորվել է: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը` Հայկ Սարգսյանը կալանավորվեց երկու ամսով»,–ասաց Թադևոսյանը։
Նշենք, որ Սարգսյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:
Նրանց ձերբակալել էին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի հիմքով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ոստիկանության երեք ծառայողների «սուտ մատնության հիման վրա Հայկ Սարգսյանը կալանավորվեց»։ «Երկու օր է` պնդում ենք, որ մեզ մատնացույց անեն Հայկի կողմից թեկուզ կես ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու տեսանյութի կտոր, չէ՞ որ տասնյակ տեսախցիկներով նկարված է ամենը։ Պարզվեց տեսանյութ չկա, դե չեղած բանը լինել էլ չէր կարող»,–գրել է փաստաբանը։
Հավելենք, որ Հայկ Սարգսյանին ձերբակալելու օրը ձերբակալել են նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին։ Երկուսն էլ մասնակցում են «Դիմադրություն» շարժման հանրահավաքներին, մայիսի 30-ին ներկա էին կառավարության 3-րդ շենքի մոտ տեղի ունեցած դեպքերին։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ։