ԵՐԵՎԱՆ, հունիսի 1 - Sputnik, Նանա Մարտիրոսյան. Երևանի կենտրոնում գտնվող բազմաբնակարան շենքի մուտքերից մեկը բառացիորեն մեկ գիշերվա ընթացքում անճանաչելի էր դարձել։ Արցախյան 44-օրյա պատերազմից կարճ ժամանակ անց շքամուտքը ներկել էին, իսկ մուտքի մոտ պատկերել «Գտնված երազ» հայկական ամենաբարի մուլտֆիլմի հերոսներին։
Շքամուտքը, որտեղ գտնվում է «Արևների տուն» կենտրոնը
© Sputnik / Andranik Ghazaryan
Որոշ ժամանակ անց տախտակ էլ հայտնվեց, որի վրա տարբեր մաղթանքներով կպչուկներ էին փակցրած: «Ուժեղ եղի՛ր», «Հավատա՛ բարուն», «Սրտիդ մեջ ժպի՛տ պահիր», «Սիրի՛ր մարդկանց», «Ժպի՛տ պարգևիր»: Գրությունները կարելի էր բացել ու վերցնել. ու բնակիչներն օգտվեցին այդ հնարավորությունից։
Ավելի ուշ մուտքում սկսեցին շատ երեխաներ հայտնվել։ Սկզբում նրանք հանգիստ ու տխուր էին, իսկ հետո՝ ծիծաղում էին ու «շրջագայում վերելակով»։
«Արևների տան» մուտքի տախտակը
© Sputnik / Andranik Ghazaryan
Շենքի բնակիչները սկսեցին մուտքը «Նարնիա» անվանել, քչերը գիտեին, որ առաջին հարկում է գտնվում «Արևների տուն» կրեատիվ կենտրոնը։ Հենց այստեղ է Նաիրե Պողոսյան-Մելքոնյանն օգնում 44-օրյա պատերազմում զոհված հերոսների երեխաներին հաղթահարել ցավը. նա արվեստի միջոցով նրանց է վերադարձնում կյանքի վառ գույները։
Նաիրեն շատ լավ է հասկանում նրանց, քանի որ նրա ամուսինը նույնպես զոհվել է պատերազմում, իսկ վեցամյա որդին` Ավետը, մինչև հիմա չի կարողանում հաղթահարել կորստի դառնությունը։ Պատերազմի ժամանակ կինն օգնում էր Հայաստան տեղափոխված արցախցիներին, իսկ հետո որոշեց ջանքերը կենտրոնացնել երեխաների վերականգնման վրա։
Նաիրեի որդին` Ավետը, Նարեի հետ
© Sputnik / Andranik Ghazaryan
«Ես տեսել եմ ընտանիքներ, որտեղ մայրը շատ վատ վիճակում էր, իսկ երեխան փորձում էր նրան սգից հանել։ Դա շատ ցավալի է։ Երեխաներից շատերը հարցնում են՝ ինչո՞ւ հենց իմ հայրը։. Ես որոշեցի բացատրել նրանց, որ նրանք մենակ չեն, ու հազարավոր երեխաներ կորցրել են իրենց հայրերին։ Ինձ համար կարևոր է, որ նրանք իրենց համարեն ոչ թե զոհերի զավակներ, այլ հերոսների որդիներ ու դուստրեր, հասկանան, որ իրենց հայրերը զոհվեցին ամենաթանկի` հայրենիքի համար»,- ասում է Նաիրեն։
Նաիրե Պողոսյան–Մելքոնյանը
© Sputnik / Andranik Ghazaryan
Մինչ մենք զրուցում ենք, կենտրոնն աստիճանաբար լցվում է երեխաներով։ Նրանք բոլորը մասնակցում են «Նաիրեն իմ աչքերով» նկարների մրցույթին։ Նկարները Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ցուցադրության ժամանակ են ցուցադրվելու:
Մրցույթի բոլոր մասնակիցները նկարել են իրենց ուսուցչուհուն, իսկ հաղթողներին ընտրել են սոցիալական ցանցերում քվեարկության արդյունքում: Նաիրեն հավանում է բոլոր աշխատանքները, ուստի նա բոլոր մասնակիցների համար փոքր նվերներ է պատրաստել:
«Բոլոր նկարներում գտնում եմ ինձ։ Բայց հատկապես հուզեց նկարը, որի վրա դեմք չկա։ Հեղինակի հետ առցանց ենք աշխատել, աղջիկը երբեք ինձ իրականում չի տեսել։ Հուզիչ էր, որ նա որոշել է հենց այդպես պատկերել ինձ»,- ասաց Նաիրեն՝ ցուցադրելով նկարը։
«Նաիրեն իմ աչքերով» մրցույթի նկարները
© Sputnik / Andranik Ghazaryan
Սեղանի շուրջ հավաքված աղջիկները նկատեցին, որ Նաիրեի աչքերը լցվում են ու սկսեցին իրար հերթ չտալով պատմել, թե ինչպես են ներկել նրա՝ վերջերս հրապարակված «Արևի որդին» գիրքը: Հետո հիշեցին այն ընկերներին, որոնք մրցանակային տեղեր են ստացել նկարչության միջազգային մրցույթում։
Սոֆին ու Նարեն ոչ հարազատ քույրեր են, նրանք ուրախ ու մարդամոտ են։ Նրանց գրեթե միաժամանակ են կենտրոն բերել։ Նարեի հայրը պատերազմում զոհվել է, Սոֆիինը` պատերազմի մասնակից է, բայց, բարեբախտաբար, վերադարձել է։ Նրանք ասում են, որ զվարճանքից բացի, շատ գիտելիքներ են ստանում այստեղ ու նոր ընկերներ ձեռք բերում: Ի դեպ, Նարեն ընկերացել է Նաիրեի որդու հետ ու նույնիսկ նրան կրտսեր եղբայր է համարում։
Նաիրեն` երեխաների հետ
© Sputnik / Andranik Ghazaryan
«Մեզ այստեղ շատ հաճելի է, քանի որ այստեղ միշտ ուրախ է ու բոլորը ժպտում են։ Ինձ դուր է գալիս, երբ շուրջն ուրախ ու թեթև է»,- ամաչկոտ ժպտալով խոստովանում է Նարեն։
Փոքրիկ դադարից հետո աղջիկը սկսում է ցույց տալ կենտրոնի բոլոր սաների լուսանկարները։ Նարեն հանում է լուսանկարներն ու մեզ համար անսպասելիորեն Նարիրեն անվանում է նրանցից յուրաքանչյուրի անունն ու բնակության վայրը։ Նա հիշում է ոչ միայն բոլոր երեխաներին, այլև նրանց ընտանիքների պատմությունները։ Ասում է, որ երեխաներին օգնելը դարձել է իր կյանքի նպատակը, իսկ անվճար հիմունքներով գործող կենտրոնը՝ դրան հասնելու գործիք։
Նարեն
© Sputnik / Andranik Ghazaryan
Խոստովանում է, որ կարող է ժամերով խոսել այդ մասին, բայց պետք է երեխաներին տանել Օպերայի և բալետի թատրոն, որտեղ նրանք կվայելեն «Չիպոլինո» մանկական ներկայացումը:
«Զոհվածների երեխաներն էլ պետք է լուսավոր մանկություն ունենան, և մեզանից յուրաքանչյուրը պետք է օգնի նրանց»,- ասում է նա` մեր հետևից փակելով Նարնիայի դուռը: