ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Նոր Խարբերդի մասնագիտացված հատուկ մանկատան բակում աշխույժ եռուզեռ է։ Այստեղ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մեծ ցուցահանդես է կազմակերպվել։
Նոր Խարբերդի մասնագիտացված հատուկ մանկատան բակում կազմակերպված ցուցահանդեսը
© Sputnik / Aram Nersesyan
Հայաստանում գործող 5 մանկատների և 6 աջակցության կենտրոնների սաները հավաքվել են, որպեսզի բոլորին ցույց տան, թե ինչ տաղանդավոր են և ասեն, որ ուշադրության ու սիրո կարիք ունեն։
Նոր Խարբերդի մասնագիտացված հատուկ մանկատան բակում կազմակերպված ցուցահանդեսը
© Sputnik / Aram Nersesyan
Գեղանկարչությունից մինչև մանրանկարչություն, քանդակ, գոբելեն, կարպետագործություն, հելյունագործություն։ Ներկայացված են հենց երեխաների ձեռքի աշխատանքները` բոլորը գեղեցիկ ու ինքնատիպ։
Նոր Խարբերդի մասնագիտացված հատուկ մանկատան բակում կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներ
© Sputnik / Aram Nersesyan
«Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի» սաներ Սրբուհին, Անահիտն ու Էմիլյան մեզ հետ զրույցում ներկայացրին իրենց կտավը, որը կոչվում է «Միասին»։
Սրբուհին, Անահիտն ու Էմիլյան
© Sputnik / Aram Nersesyan
Երեխաները պատկերել են Կենաց ծառ, որը նռենի է ու խորհրդանշում է հենց կյանքը, աշխարհի զարգացումը։ Ծառի ճյուղերին երեխաները պատկերել են տարբեր երկրների դրոշներ, որոնց կենտրոնում` ծառի բնի վրա, հայկական եռագույնն է։
«Մենք աշխարհին միասնության ու խաղաղության կոչ ենք անում, որովհետև ամեն երկրում էլ երեխաներ են ապրում, ու ես վստահ եմ` բոլորն էլ խաղաղություն են ուզում, ուզում են, որ պատերազմներ չլինեն, որ իրենց հայրերն ու եղբայրները չզոհվեն»,–ասաց աղջիկներից մեկը։
Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի արհեստագործական հոսքի սաները հելյունով տարբեր տիկնիկներ ու խաղալիքներ են պատրաստել։
Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի արհեստագործական հոսքի սաները ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները
© Sputnik / Aram Nersesyan
«Հելյունագործությամբ ընդամենը մեկ օրում կարող ենք ցանկացած տիկնիկ, կենդանի պատրաստել։ Դա շատ հագստացնող, տրամադրություն բարձրացնող աշխատանք է»,–ասում է կրթահամալիրի սան Մարիամը։
Նոր Խարբերդի մասնագիտացված հատուկ մանկատան բակում կազմակերպված ցուցահանդեսը
© Sputnik / Aram Nersesyan
Մինչ երեխաներն ուսումնասիրում են միմյանց աշխատանքներն ու խրախուսում իրար, «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի ղեկավար Կարինե Աբելյանը պատմում է նրանց խնդիրներից ու շեշտում, որ դրանք օր առաջ պետք է միասին հաղթահարենք։
«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի ղեկավար Կարինե Աբելյան
© Sputnik / Aram Nersesyan
«Այսօր մեր նպատակն է զվարճանքից, հաճելի օր կազմակերպելուց բացի բոլորին ցույց տալ, թե ինչ տաղանդավոր են այս երեխաները և ինչ ձեռքի աշխատանքներ են կատարել, որոնք ներկայացված են ցուցահանդեսում։ Մենք պետք է ցույց տանք, որ այս երեխաները կան, ու շատ կարևոր է, որ նրանք չգտնվեն փակ հաստատություններում, այլ լինեն ընտանիքներում»,–ասաց Աբելյանը։
Նրա խոսքով`ինչքան էլ լավը լինեն մանկատները, գիշերօթիկ դպրոցները, միևնույն է` չեն կարող փոխարինել ընտանիքին։
«Վորլդ Վիժն Հայաստանի» կողմից իրականացվող ծրագրով` այն երեխաները, որոնք գտնվում են գիշերօթիկ դպրոցներում, մանկատներում, աստիճանաբար վերադառնում են իրենց ընտանիքներ։
«Առաջին հերթին գնահատվում է, թե ընտանիքը, համայնքը որքանով են պատրաստ ընդունել երեխային, քանի որ նա պետք է դպրոց հաճախի, ու այն պետք է լինի ներառական։ Կարևոր է նաև սոցաշխատողների ներդրումը, քանի որ գաղտնիք չէ` երբեմն սոցիալական տարբեր խնդիրների պատճառով են երեխաները հայտնվում խնամքի կենտրոններում»,–ասաց Աբելյանը։
Նա նշեց, որ «Վորլդ Վիժնի» ծրագիրը սեպտեմբերին ավարտվում է, հետագայում այն պետք է շարունակի պետությունը։
Ծրագիրն ավելի քան 250 երեխայի օգնել է ընտանիք վերադառնալ ու ինտեգրվել, կրթություն ստանալ։ Իսկ գյուղական համայնքի երեխաների ընտանիքներին էլ տրվել են ընտանի կենդանիներ կամ տարբեր մշակաբույսերի սերմեր, որպեսզի կարողանան իրենց հանապազօրյա հացը վաստակել։
Խնդիրը, սակայն, միայն նյութականը չէ։ Երկար ժամանակ գտնվելով խնամքի կենտրոնում, երեխաները կարծես օտարանում են իրենց ընտանիքից, խզվում է ծնող–երեխա կապը և կորցրածը վերականգնելը շատ ավելի երկար աշխատանք է պահանջում։
«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի ղեկավարը նշեց, որ այն դեպքերում, երբ երեխային ընտանիք վերադարձնելն անհնար է լինում, որպես այլընտրանք ընտրվում է խնամատարության ինստիտուտը. խնամատար ծնողները պետությունից աշխատավարձ են ստանում երեխայի կարիքները հոգալու համար։
Գավառում, նրա խոսքով, մի քանի դեպք է եղել, երբ խնամատար ծնողները հրաժարվել են 18 տարին լրացած աղջկան թողնել մեծ կյանք ու պնդել են, որ նա իրենց տնից դուրս կգա միայն հարսի քողը գլխին։
Հավելենք, որ Հայաստանում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործում է 5 խնամքի հաստատություն` Խարբերդի մասնագիտացված մանկատունը, Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը, Գյումրու երեխաների տունը, Գավառի մանկատունը, Երևանի Մանկան տունը։ Խնամքի հաստատություններում ապրում է շուրջ 1080 երեխա։
Բացի այդ, կան նաև ընտանիքների աջակցության 6 կենտրոններ, որտեղ ծառայություններ են ստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները։ Դրանք են`Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը,Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը, Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը, Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը,Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնը և «Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնը»։