ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. «Գազպրոմ» ընկերությունը դադարեցրել է գազի մատակարարումը Գերմանիայում գործող դանիական «Orsted»-ին և «Shell Energy Europe» ընկերությանը՝ ռուբլով չվճարելու պատճառով։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմի» մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մայիսի 31-ին` աշխատանքային օրվա ավարտին, «Գազպրոմ էքսպորտը» ապրիլին մատակարարված գազի դիմաց վճար չի ստացել այս ընկերություններից։
2021 թվականին «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը «Orsted Salg & Service»-ին 1.97 մլրդ խմ գազ է մատակարարել, ինչը կազմել է Դանիայում գազի սպառման ընդհանուր ծավալի մոտ 2/3-ը։ «Գազպրոմ էքսպորտի» և «Shell Energy Europe» ընկերության միջև գազի մատակարարման պայմանագիրը տարեկան մինչև 1.2 մլրդ խմ ծավալով գազի մատակարարում է նախատեսում Գերմանիա։
Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց պետք է վճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիրը և տեղեկացրեց, որ եթե ապրիլի 1-ից ոչ բարեկամական երկրները ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Նոր սխեմայի համաձայն` «Գազպրոմբանկը» արտարժույթով և ռուբլով հատուկ հաշիվներ է բացում արտասահմանյան գնորդների հետ գազի դիմաց հաշվարկների համար: Գնորդը կկարողանա միջոցները առաջին հաշվին փոխանցել «երկնագույն վառելիքի» մատակարարման պայմանագրում նշված արժույթով, բանկը այն կվաճառի մոսկովյան բորսայում, ինչից հետո ռուբլին կփոխանցի գազի գնորդի հաշվին, և արդեն դրանից կվճարվի գազի մատակարարին՝ «Գազպրոմին»: