ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Դատավոր Բորիս Բախշիյանի գործն ուղարկվում է դատարան, տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է դատավորի փաստաբան Արսեն Սարդարյանը։
Նա գրում է, որ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ պաշտպանների բերած վճռաբեկ բողոքները։
«Վարույթ իրականացնող մարմինը անհիմն և չպատճառաբանված որոշմամբ մերժել է գլխավոր դատախազին հասցեագրված, սակայն հետագայում քննիչին մակագրված` Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը։ Գործն ուղարկվում է դատարան»,- գրում է փաստաբանը։
Նշենք, որ այս պահին Բախշիյանն ազատության մեջ է։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվել է փետրվարի 7-ին։ Դրանից հետո պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի խափանման միջոց կալանքը փոխվեր։
Բախշիյանը Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն էր։ Նրա որոշմամբ Մինասյանը կալանքից ազատվեց հունվարի 26-ին։
Դատավորի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի (անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք) հարուցված քրգործի շրջանակում։