«Չորս տարի խաղացել եմ այս ակումբում». «Արարատը» նոր մարզիչ ունի

«Արարատի» նոր մարզիչը 1995-ից 1998 թվականներին խաղացել է «Արարատի» կազմում՝ 81 խաղում դառնալով 30 գոլի հեղինակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել 46-ամյա Արամ Ոսկանյանը։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական էջից։
Հայտնել ենք, որ«Արարատի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանն ազատվել է ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։

«Մեծ պատասխանատվությամբ ընդունեցի «Արարատի» առաջարկը՝ իմանալով թե ակումբն ինչպիսի հեղինակություն և նվիրված երկրպագուների բանակ ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Ես մոտ չորս տարի խաղացել եմ «Արարատում» և իմ հիմնական ֆուտբոլային կրթությունը մեծահասակների ֆուտբոլում ստացել եմ այստեղ: Այսօր շրջեցինք բազայում... հիանալի բազա է, և բոլոր պայմանները կան լավ արդյունք ցույց տալու համար»,- նշել է Ոսկանյանը:

Ոսկանյանը ֆուտբոլիստի հագեցած կարիերա է ունեցել՝ հանդես գալով հայաստանյան և արտասահմանյան մի շարք ակումբներում: 1995-ից 1998 թվականներին նա խաղացել է «Արարատի» կազմում՝ 81 խաղում դառնալով 30 գոլի հեղինակ։
Որպես գլխավոր մարզիչ` նա աշխատել է «Միկայում», «Բանանցում», «Ալաշկերտում», Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում և ղազախական «Ատիրաու» ակումբում:
Ոսկանյանի հետ ակումբին է միացել դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը: