Ընդդիմադիր պատգամավորները մտան ԵՊՀ, բայց ռեկտորին չգտան

ԵՊՀ–ի մուտքը փակած ոստիկանները
Պատգամավորները ենթադրեցին, որ ԵՊՀ ռեկտորը դուռը ներսից փակել է և խուսափում է հանդիպումից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման առաջնորդերն ու մասնակիցները հասան ԵՊՀ, որտեղ ոստիկանները փակել էին համալսարանի մուտքը, և միայն բանակցություններից հետո թույլ տվեցին, որ պատգամավորները ներս մտնեն։ Ոստիկանության ներկայացուցիչը հայտնեց, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը պատրաստ է ընդունել նրանց, սակայն շենքում տեղեկացրին, որ ռեկտորը տեղում չէ։
Պատգամավորները ենթադրեցին, որ ԵՊՀ ռեկտորը դուռը ներսից փակել է և ուղղակի խուսափում է հանդիպումից։
Ընդդիմադիրները ԵՊՀ շենքում փորձում էին գտնել ոչ միայն ռեկտորին, այլև պրոռեկտորներին, բայց ապարդյուն։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ասպրամ Կրպեյանն ուղիղ եթերում հայտարարեց` 2 օր առաջ բոլորին ծանուցում է ուղարկվել, որ ԵՊՀ ռեկտորն այսօր` ժամը 14.00-ին, պետք է հանդիպեր ֆակուլտետների գիտխորհուրդների անդամների հետ, սակայն վերջին պահին հանդիպումը չեղարկել է։ Պատգամավորների խոսքով` պատճառն իրենց ներկայությունն է։
Ընդդիմադիրները դուրս եկան ԵՊՀ–ից և շարժվեցին դեպի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարեց, որ շարունակելու են այցելել պետական հաստատություններ, տարբեր հիմնարկներ` իմանալու մարդկանց դիրքորոշումները։