Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի նկատմամբ իր դիրքորոշումը չի փոխի, եթե նրանք քայլ չանեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. Արխիվային լուսանկար
Անկարան ցանկանում է, որ այդ երկրներն աջակցեն «հակաահաբեկչական գործողություններին», որոնք իրականացնելու են ՆԱՏՕ-ի անդամները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում, եթե նրանք անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը The Economist հանդեսում հրապարակված հոդվածում։
Էրդողանի խոսքով՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության դեմ Թուրքիայի առարկությունը վճռական քայլ է, որը ձեռնարկվել է «հանուն այն բոլոր անդամների, որոնք մինչ այժմ ահաբեկչության զոհ են եղել»:

«Թուրքիան ցանկանում է, որ այդ երկրներն աջակցեն հակաահաբեկչական գործողություններին, որոնք իրականացնելու են ՆԱՏՕ-ի անդամները։ Ահաբեկչությունը սպառնալիք է բոլոր անդամ պետությունների համար, և թեկնածու երկրները պետք է ճանաչեն այդ փաստը նախքան կազմակերպությանն անդամակցելը: Եթե նրանք անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն, Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումն այդ հարցում»,- ընդգծել է Էրդողանը։

Ուկրաինայի իրադարձությունների համապատկերում Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու իրենց հայտերը: Թուրքիան արգելափակել է այդ հայտերի քննարկման գործընթացը։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի հավատում նրանց հավաստիացումներին, թե կապ չունեն Քրդստանի Աշխատավորական կուսակցության հետ (Թուրքիայում արգելված կազմակերպություն):
Ռուսաստանում բազմիցս նշել են, որ ՆԱՏՕ-ն տրամադրված է առճակատման։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դաշինքի հետագա ընդլայնումը Եվրոպային ավելի անվտանգ չի դարձնի, որ ՆԱՏՕ-ն ագրեսիվ բնույթ ունի: