ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ավարտվել է ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահին 10.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ըս։տ նույն աղբյուրի, նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Ս. Զ.-ն 2021 թվականի դեկտեմբերին և 2022 թվականի հունվարին դիմել է ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին` նրա օգնականի, տեղակալի կամ գլխավոր քարտուղարի պաշտոններում նշանակվելու խնդրանքով, բայց մերժում է ստացել:
2022 թվականի ապրիլի 27-ին, Ս. Զ.-ն ոռոգման համակարգի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու պատրվակով այցելել է ջրային կոմիտե, հանդիպել Վահագն Գևորգյանին ու վերոհիշյալ պաշտոններից որևէ մեկում նշանակվելու համար կոմիտեի նախագահի աշխատասեղանին փակ թղթապանակով դրել 10.000 ԱՄՆ դոլար։
Նա ասել է, որ դրանում առկա են փաստաթղթեր և խնդրել ուսումնասիրել դրանք: Վահագն Գևորգյանը, ըստ հաղորդագրության՝ պարզելով, որ թղթապանակում ոչ թե փաստաթղթեր են, այլ կաշառք, այդ մասին անմիջապես հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, իսկ 2022 թվականի ապրիլի 29-ին իր աշխատասենյակ է կանչել Ս. Զ.-ին:
Նա Գևորգյանի պահանջով վերցրել է իր կողմից որպես կաշառք տված գումարը, որից անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Ս. Զ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: