ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հայաստանում իրականացված հետազոտությունների համաձայն` 16 տարեկանից բարձր բնակչության 27.9%-ը ծխում է: Ամեն տարի ծխախոտով պայմանավորված հիվանդություններից մեր երկրում մահանում է ավելի քան 5500 մարդ: Առանց ծխախոտի համաշխարհային օրվա կապակցությամբ առողջապահության նախարարության հրապարակած այս տվյալները մասնագետները մտահոգիչ են գնահատում մեր երկրի համար։
«Պետք է միջոցներ ձեռնարկենք հիվանդությունները կանխարգելելու համար, քանի որ միշտ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել»,- ասում է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիոթերապևտ Կարինե Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ ծխելը իսկապես թոքերի քաղցկեղի պատճառներից մեկն է։ Մասնագետը բացատրում է, որ ծխախոտը պարունակում է նիկոտին և խեժ, որոնք էլ իրենց հերթին բաղկացած են բազմաթիվ քաղցկեղածին նյութերից։ Եթե նիկոտինը կախվածություն է առաջացնում, ապա ծխելու ժամանակ առաջացած քիմիական նյութերն ուռուցքային հիվանդությունների պատճառ են դառնում հատկապես թոքերի և միզապարկի համար։
Միաժամանակ պասիվ ծխելը (ծխախոտի ծուխը շնչելը) նույնպես նպաստում է ուռուցքային գործընթացի զարգացմանը։ Սա հատկապես բացասաբար է անդրադառնում հղիների և սաղմի ձևավորման վրա։ Սողոմոնյանն ընդգծեց, որ պասիվ ծխելը կարող է առաջացնել պտղի թթվածնաքաղց, որն իր հերթին բացասաբար է անդրադառնում պտղի ձևավորման և զարգացման վրա։
Մասնագետը կարևորում է ծխելու դեմ պայքարում առողջապահության նախարարության ձեռնարկած միջոցառումները։
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի էնդովասկուլյար վիրաբույժ Տիգրան Պողոսյանն իր հերթին նշեց, որ ծխելը անխուսափելիորեն ազդում է նաև սրտանոթային համակարգի վրա և խորացնում սրտանոթային հիվանդությունները։
«Ծխելը նպաստում է նաև իշեմիկ նոպաների, սրտամկանի ինֆարկտի և սրտանոթային այլ հիվանդությունների առաջացմանը»,- ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով` անհրաժեշտ է երկրում նվազեցնել ծխողների թիվը։ Պողոսյանը շեշտեց, որ ծխախոտի փոխարինիչները նույնպես վտանգավոր և վնասակար են օրգանիզմի համար։ Մասնագետը ծխողներին խորհուրդ տվեց հրաժարվել ծխախոտից ոչ թե փուլային տարբերակով, այլ միանգամից, քանի որ դա ամենաարդյունավետ տարբերակն է։
Ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով:
Նրանցից ավելի քան 7 միլիոնը ծխախոտ օգտագործողներ և նախկին օգտագործողներ են, իսկ ավելի քան 1,2 միլիոնը՝ չծխողներ, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցության։
Հայաստանում իրականացված հետազոտությունների համաձայն` 16 տարեկանից բարձր բնակչության 27.9%-ը ծխում է: Ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են (տղամարդկանց 51.5%-ը, կանանց` 1.8%-ը), դեռահասների շրջանում՝ կյանքում երբևէ ծխախոտ օգտագործել են 15 տարեկան տղաների 21%-ը և աղջիկների 3%-ը:
Նշենք, որ մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն ԱՀԿ-ն սահմանել է 1987 թվականին հանրության ուշադրությունը ծխախոտի մահացու հետևանքների վրա հրավիրելու համար: