ԵՄ պատժամիջոցների 6–րդ փաթեթը տարածվում է ռուսաստանյան 80 օլիգարխի և 3 հեռուստաալիքի վրա

Պատժամիջոցները թույլ կտան SWIFT համակարգից անջատել ռուսական առաջին բանկն ու առաջին անգամ նավթային էմբարգո կիրառել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսիSputnik. Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վեցերորդ փաթեթը տարածվում է ՌԴ 80 օլիգարխների և ռուսական երեք հեռուստաալիքների վրա։ Այս մասին մայիսի 30-31-ը Բրյուսելում անցկացվող ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Վեցերորդ փաթեթը շատ կարևոր է։ Այն պատժամիջոցներ է նախատեսում շուրջ 80 օլիգարխների, ինչպես նաև 3 հեռուստաալիքի նկատմամբ։ Բացի այդ, այն թույլ կտա SWIFT համակարգից անջատել ռուսաստանյան առաջին բանկն ու առաջին անգամ նավթային էմբարգո կիրառել», – հայտնել է Մակրոնը։
Ավելի վաղ նույն միջոցառման շրջանակում Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ ԵՄ–ն տարեվերջին ռուսաստանյան նավթի արտահանումը կկրճատի 92%–ով։
Նշենք, որ ԵՄ երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը մասնավորապես, ռուսական նավթի ներմուծման մասնակի արգելք, SWIFT-ից «Սբերբանկի» անջատում, ՌԴ երեք պետական ալիքների հեռարձակման արգելք, ինչպես նաև անհատական սահմանափակումներ է ներառում: Նախատեսվածի համաձայն` ՌԴ–ից նավթի և նավթամթերքի արտահանման արգելը կտարածվի դեռ միայն ծովով մատակարարումներին։ Գազատարով նավթի մատակարարումների համար բացառություն է արվել, որը «շուտով կվերանայվի»։ Սակայն կորնկրետ ժամկետներ չի նշվում։
ԵՄ–ն նախկինում բազմիցս հերքել է, որ ՌԴ–ի դեմ կիրառվող պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում պարենամթերքի հետ կապված գլոբալ իրավիճակի վրա` պատասխանատվությունը բարդելով բացառապես Մոսկվայի գործողությունների վրա։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան արել է հնարավոր ամեն բան պարենային խնդիրը կարգավորելու համար այն ժամանակ, երբ Արևմուտքն արգելափակում է ռուսական նավերի մուտքը սեփական նավահանգիստներ և արհեստականորեն ճգնաժամ հրահրում։
Հետևանքները բոլորը կզգան․ Լավրովը՝ Արևմուտքի հիբրիդային պատերազմի մասին