Ձերբակալվել է Սերժ Սարգսյանի եղբորորդին. ԶԼՄ

Հայկ Սարգսյան
Լրատվամիջոցի տեղեկություններով` Հայկ Սարգսյանին ձերբակալել են երկու հիմքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Ձերբակալվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի կրտսեր որդին` Հայկ Սարգսյանը: Տեղեկությունը հայտնում է Armlur.am–ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով` նրան ձերբակալել են երկու հիմքով` խուլիգանություն կատարելու և ոստիկանությանը դիմադրելու համար:
Նշենք, որ Հայկ Սարգսյանը մասնակցում էր ընդդիմության ակցիաներին։
Հիշեցնենք` Հայկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել 2007թ.–ին կատարված սպանության փորձի համար։ 2007թ.–ի ապրիլի 1-ի երեկոյան Երևանի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, Ալեքսանդր Սարգսյանի տան մոտ հնչած կրակոցից ստացած վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի բնակիչ, 25–ամյա Դավիթ Սիմոնյանը։
«Քենեդուն էլ եմ ես սպանել». Սաշիկ Սարգսյանի որդին չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
Նույն օրը ոստիկանություն էր ներկայացել նրա ընկեր Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակը, որից արձակվել էր կրակոցը, և հայտնել, որ այն գտել է մանկապարտեզի մոտից և անզգուշությամբ կրակել ընկերոջ վրա։ Այս փաստով հարուցված քրեական գործը որոշ ժամանակ անց կարճվել էր` տուժողի հետ հաշտվելու հիմքով, քանի որ Դավիթ Սիմոնյանը բողոք չէր ներկայացրել։
11 տարի անց` 2018 թ.–ի հունիսի 29-ին, Սիմոնյանը դիմում էր ներկայացրել դատախազություն՝ նշելով, որ իրեն կրակել և մարմնական վնասվածքը պատճառել է ոչ թե Ղևոնդյանը, այլ Հայկ Սարգսյանը իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։ Իսկ ընկերը կեղծ ցուցմունք էր տվել, քանի որ Սարգսյանները սպառնացել էին` հակառակ դեպքում երկար չի ապրի։
12 տարի առաջ կարճված քրեական գործը նոր հանգամանքների ի հայտ գալուց հետո վերաբացվել էր։
2021 թվականի հունիսի 1-ին դատարանը որոշել էր Հայկ Սարգսյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը) և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։