Ապրանքաշրջանառությունն աճել է 12%–ով. հանդիպել են Խաչատուրյանն ու Ղարիբաշվիլին

Վահագն Խաչատուրյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին
Վրաստանի վարչապետը հիշեցրել է, որ Թբիլիսին Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության կողմնակից է և պատրաստ է աջակցել տարածաշրջանային երկխոսությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12%–ով և կազմել 170, 49 մլն դոլար։ Ինչպես հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, այս մասին նշվել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի գլխավորած պատվիրակության և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի` Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ։
Հայաստանի նախագահն ու Վրաստանի վարչապետը համոզմունք են հայտնել, որ երկրները առևտրաշրջանառության ավելացման մեծ ներուժ ունեն։
Ընդլայնված կազմով հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն ու Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերություններին առնչվող հարցեր:
Զուրաբիշվիլին ասել է` ինչ է գրել ՀՀ նախագահը պատվավոր հյուրերի գրքում
Խաչատուրյանն ու Ղարիբաշվիլին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին և վրացական կառավարության ղեկավարի առաջարկած «Հարավային Կովկասում խաղաղ բարիդրացիության նախաձեռնությանը»: Նշվել է, որ այդ նախաձեռնությունը ենթադրում է երեք երկրների միջև երկխոսության ձևաչափի ստեղծում և փոխշահավետ ուղղություններով համագործակցություն:
«Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համակեցության կողմնակից և պատրաստ է աջակցել տարածաշրջանային երկխոսությանը»,- ասել է Ղարիբաշվիլին:
Կողմերը քննարկել են էներգետիկայի, առևտրի, տրանսպորտային հաղորդակցությունների և Սևծովյան անվտանգության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ Խաչատուրյանը պաշտոնական այցով է մեկնել Վրաստան։