Ալիևը զանգել է Պուտինին. քննարկել են ԼՂ հարցը

Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը
Իլհամ Ալիևը խոսել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հետ հանդիպման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։

«Քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը՝ շեշտը դնելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված կոնկրետ հարցերի լուծման վրա»,– ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Ալիևը տեղեկացրել է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին:
Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են շարունակել կանոնավոր շփումները տարբեր մակարդակներում։
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: