Գյումրի մուտքի մոտ այսօր մեծ շուքով դիմավորեցին բռնցքամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, գյումրեցի Հովհաննես Բաչկովին։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ չեմպիոնին դիմավորելու էին եկել քաղաքային իշխանությունները` փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի գլխավորությումբ, մարզաշխարհի ներկայացուցիչներն ու բռնցքամարտի երկրպագուները։
Գյումրիում մեծ շուքով դիմավորեցին Բաչկովին
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ինչպես արդեն հայտնել ենք, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում երեկ, հաղթելով Ֆրանսիան ներկայացնող Լյունի Համրուին, դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն։
Չնայած ձեռք վնասվածքին` գյումրեցի մարզիկին հաջողվեց կրկին հաղթանակ գրանցել: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ մարզիկը նշեց, որ հաղթանակը միայն իրենը չէ, այլ բոլորինը՝ մարզիչներից մինչև երկրպագուներ, իսկ այս մրցաշարին իրեն նաև սեփական երկրի պատերն են օգնել:
«4-5 օր էր մնացել մրցումներին, երբ պարզ դարձավ, որ մասնակցելու եմ. վնասվածք ունեի ու մտածում էի, որ պետք է վիրահատվեմ։ Բայց պատահաբար իմացա, որ առաջնությանը կմասնակցի նաև թուրք մարզիկ, որը համարվում էր մրցաշարի ֆավորիտը։ Ու եթե ես չմասնակցեի, հավանականությունը մեծ էր, որ ինքը դառնար հաղթող, ու Թուրքիայի դրոշը ծածանվեր»,-պատմում է չեմպիոնը` նշելով, որ առաջնությունից միայն մեկ օր առաջ է որոշվել, որ այդ թուրք մարզիկը չի մասնակցելու: Բաչկովն ասում է՝ նույնիսկ վերջին մենամարտը դժվարությամբ չի տրվել՝ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ինքը ցանկանում էր:
Հիմա Հովհաննես Բաչկովը պետք է վիրահատի ձեռքը, իսկ վերականգնումից հետ պատրաստվի պրոֆեսիոնալ մենամարտի:
Գյումրիում մեծ շուքով դիմավորեցին Բաչկովին
© Sputnik / Armenuhi Mkhoyan