Կհանդիպենք նախարարների հետ, կիմանանք` ով ով է. Սաղաթելյան

Այժմ ընդդիմադիր պատգամավորները բանակցում են ոստիկանների հետ, որ կարողանան մտնել նախարարությունների շենք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման մասնակիցներն այժմ ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքի մոտ են։
Նշենք, որ այս շենքում են գտնվում աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի նախարարությունները, ինչպես նաև ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները շենք կմտնեն, կհանդիպեն նախարարների հետ։
«Պատգամավորները կհանդիպեն նախարարների հետ` հասկանալու, թե նրանք կո՞ղմ են մեր կողմից հրապարակված հայտարարությանը։ Պետք է իմանանք` ով ով է»,–ասաց Սաղաթելյանը։
Այժմ ընդդիմադիր պատգամավորները բանակցում են ոստիկանների հետ, որ կարողանան մտնել նախարարությունների շենք։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։